Իրանի ճանապարհների և քաղաքաշինության փոխնախարար․ Պատրաստ ենք աջակցել Հայաստանին՝ նոր այլընտրանքային ճանապարհի կառուցման գործում
Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալ և տրանսպորտային ենթակառուցվածքների շինարարության և զարգացման ընկերության գործադիր տնօրեն Խեյրոլլահ Խադեմին այցելել է Հայաստան՝ ծանոթանալու Տաթևի այլընտրանքային ճանապարհի կառուցման աշխատանքներին՝ այն բանից հետո, երբ Ադրբեջանը սկսեց խոչընդոտել իրանական բեռնատարների դեպի Հայաստան երրթևեկությանը։
Այս ճաանապարհը կօգտագործվի Իրանի Նորդուզի սահմանից Հայաստան մեկնող իրանական տարանցիկ բեռնատարների համար: Տաթևից հետո, Խադեմիի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Երևան:
Այցի ընթացքում փոխնախարարը կքննարկի Իրանի համագործակցությամբ ու մասնակցությամբ այս ճանապարհի կառուցման հետ կապված հարցերը:
Փոխնախարարը այցի հետ կապված հարցազրույց է տվել իրանական Pars Today-ին։
«Իրանից ինժեներատեխնիկական պատվիրակությունն իմ գլխավորությամբ Հայաստան է ժամանել։ Պատվիրակության նպատակն է՝ Հայաստանի պատկան մարմինների հետ ուսումնասիրել այն դժվարությունները, որոնք ստեղծվել են Գորիս-Կապան ճանապարհի ուղղությամբ իրանական բեռնատար մեքենանարի համար։ Հայաստանն այժմ ձեռնամուխ է եղել այլընտրանքային ճանապարհ կառուցել Տաթևի շրջանում։ Մենք բանակցություններ ենք վարում հայկական կողմի հետ, որպեսզի հնարավորինս շուտ բեռնափոխադրումները և ուղևորափոխադրումներն այդ ճանապարհով բնականոն հունի մեջ մտնեն։
Իրան-Հայաստան պետական ճանապարհը Իրանի համար ռազմավարական նշանակություն ունի։ Մենք այցելել ենք այս ճանապարհն ու պատրաստ ենք աջակցել Հայաստանին՝ նոր ճանապարհի կառուցման համար»,-ասել է փոխնախարարը։
Խեյրոլլահ Խադեմիի խոսքերով, Իրանը պատրաստ է ինժեներատեխնիկական իր հնարավորությունները տրամադրել Հայաստանին։
«Հայաստանը նաև կառուցում է Հյուսիս-Հարավ ճանապարհը, որը սկսվում է Իրանի սահմանից ու հասնում մինչև Վրաստանի սահման։ Որքան գիտեմ հյուսիսային մասում մեծ գործ է արվել և, հույսով եմ, հարավային մասում էլ աշխատանքը շուտով կմեկնարկի։ Մենք պատրաստ ենք նաև այս կապակցությամբ համագործակցել Հայաստանի հետ։ Իրանը մեծ փորձ ունի ճանապարհաշինության ոլորտում և մեր կապալառուները պատրաստ են իրենց այդ փորձը տրամադրել Հայաստանին»,- ասել է Խադեմին։