Դավիթ Տոնոյանի, Օնիկ Գասպարյանի, Ջալալ Հարությունյանի անվտանգությունը պետք է լիարժեքորեն ապահովվի. Տիգրան Աբրահամյան
«Մեկ տարի առաջ այս օրերին Հայաստանի Զինված ուժերը, կամավորականները, պահեստազորայինները, համառ մարտեր էին մղում Հայաստանի և Արցախի անվտանգության, տարածքային ամբողջականության, կարճ ասած՝ հայի վաղվա օրվա համար»,- Ազգային ժողովում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Նրա խոսքով, մինչ ռազմաճակատում առաջապահ ստորաբաժանումները կյանքի գնով մարտական խնդիր էին լուծում, Հայաստանի իշխանությունները պարտությունը քողարկելու հիմնավորումներ էին փնտրում, մեղավորներ նշանակում, կեղծ թիրախներ հնարում, խնդիրը մեկն էր՝ ինչ էլ լիներ, պետք է հայտարարվեր, որ մեղավոր են բոլորը՝ միջին վիճակագրական քաղաքացին, զինվորը, հրամանատարը, կամավորականը, մի խոսքով բոլորը, բացի մեկ մարդուց՝ Նիկոլ Փաշինյանից:
«Պետական մեքենան գործի դնելու, խաղաղից պատերազմականի անցնելու փոխարեն, իշխանությունը կազմաքանդում էր նույնիսկ խաղաղ պայմանների համար նախատեսված մեխանիզմները, խափանում առաջին գծի համար նախատեսված առաջնային համալրումները, սխալվում կամ դիտմամբ մոլորեցնում են բոլոր այն անձանց, որոնք պնդում են, որ այս պատերազմը կանխելու կամ կանգնեցնելու հնարավորություն չի եղել»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը:
Նա ընդգծեց՝ պատերազմի մեկնարկը տրվել էր 2018 թվականին հայտնի իրադարձություններից հետո, դրանք առավել արագ փուլ մտան հետագա տարիների:
«Բնականաբար, դրան նպաստեց իշխանության նախաձեռնությամբ մեկնարկած Հայաստանի զինվորական հրամանատարության և ռազմական ներուժի գլխատման արշավը, երկրի կենսունակ ուժերի, դեմքերի մեկուսացումը, հասարակական խորը պառակտումները և ժողովրդին խաղաղության, այլ ոչ թե պատերազմի նախապատրաստելու քայլերը: Ադրբեջանում ռազմական գործողությունները սկսելու քաղաքական որոշման հիմքում Հայաստանում ստեղծված նկարագրածս իրավիճակն էր, որի պայմաններում Ադրբեջանում եկան վերջնական եզրահանգման՝ ժամանակ էր խնդիրը լուծել ռազմական ճանապարհով»,- ասաց Տ. Աբրահամյանը:
Անդրադառնալով Հայաստանում ակտիվացած ձերբակալություններին, պատգամավորն ասաց, որ իշխանությանը խանգարող մարդիկ դեռ ամբողջությամբ չեզոքացված չեն:
«Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի անվտանգությունը պետք է լիարժեքորեն ապահովվի: Ինձ համար առաջնային չէ, թե իշխանությունը սեփական պարտությունը կամ դրա պատասխանատվությունն ում վրա է փորձում գցել, ինձ համար կարևոր է, որպեսզի նշածս մարդկանց անվտանգությունն ապահոված լինի, քանի որ իշխանությունը վաղ թե ուշ փոխվելու է, հասարակությունը պետք է հնարավորություն ունենա այս մարդկանցից լսելու այն իրականությունը, այն ինչուների պատասխանները, ինչն այսօր իշխանության պայմաններում գրեթե բացառվում է»,- ասաց Տիգրան Աբրահամյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան