Ահազանգ. Քաղաքացիները ստացել են «Սինոֆարմ»-ի առաջին դեղաչափը, երկրորդի համար պատվաստանյութ չկա
Կորոնավիրուսի դեմ պատվաստվելու գործին ամեն գնով լծված առողջապահության նախարարությունը, պարզվում է, նույն համառությամբ, ինտենսիվությամբ չի գործում, երբ խոսքը վերաբերում է պատվաստանյութի անհրաժեշտ խմբաքանակի ապահովմանը։
Panorama.am-ի խմբագրությունն օրեր շարունակ ահազանգեր է ստանում քաղաքացիներից, որ չեն կարողանում ստանալ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երկրորդ դեղաչափը։ Խոսքը մասնավորապես վերաբերում է չինական «Սինոֆարմ» պատվաստանյութին։ Այն չկա և Երևանի, և մարզերի բուժհաստատություններում։
Այս պատվաստանյութը նախընտրողների թիվը բավականին մեծ է, քանի որ պատվաստմանը հաջորդած ախտանշանները համեմատաբար թեթև են լինում։
«Առաջին դեղաչափը ստացել եմ սեպտեմբերի սկզբին, երկրորդը պետք է ստանայի սեպտեմբերի 29-ին։ Քանի որ կոնտակտավոր էի, մի քանի օր ուշ այցելեցի պոլիկլինիկա, իհարկե, այս ողջ ընթացքում կապի մեջ եմ եղել բուժքրոջ հետ։ Հոկտեմբերի 1-ին այցելել եմ պոլիկլինիկա, ինձ ասացին, որ պատվաստանյութ չկա։ Ասացին՝ կլինի 20 օր անց»,-խմբագրությանը պատմեց պատվաստված քաղաքացին, որ Արարատի մարզի բնակիչ է։
Նրան այդպես էլ որևէ մեկը սպառիչ պատասխան չի տվել, թե սահմանված ժամկետի խախտմամբ պատվաստումն արդյոք արդյունավետ կլինի՞, թե՞ ոչ։
Խմբագրությունն այսօր նույն ահազանգը ստացել է Երևանի բնակչից։ Մայրաքաղաքի կենտրոնում գործող պոլիկլինիկաներից մեկում մերժել են քաղաքացուն երկրորդ դեղաչափով պատվաստել։
«Պատվաստանյութ չկա»,-ասել են բուժհաստատությունում։
Չինական պատվաստանյութի դիֆիցիտ է նաև Արմավիրում, Կոտայքում։
Ըստ տարածված լուրերի, առողջապահության նախարարությունը պոլիկլինիկաներին հորդորել է չինական պատվաստանյութի՝ հատուկենտ մնացած սրվակները բացել միայն առաջին դեղաչափով պատվաստվողների համար։ Ըստ երևույթին, փորձելու են ցույց տալ, թե իրենց ձեռնարկած քայլերը պատվաստումների թվի ինչ բարձր ցուցանիշ են ապահովել։
Ավելի վաղ առողջապահության նախարարությունից հայտնել էին, որ «Սինոֆարմ» պատվաստանյութն ունի Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն: Պատվաստանյութի արդյունավետության և անվտանգության տվյալները համապատասխանում են ԱՀԿ-ի կողմից սահմանված չափանիշներին:
Ինչպես Հայաստանում կիրառվող մյուս պատվաստանյութերը, «Սինոֆարմ»-ը ևս նախատեսված է 18 տարեկան և բարձր տարիքի անձանց շրջանում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումներ իրականացնելու համար: