
«Մոդեռնա» ընկերության պատվաստանյութը Հայաստանում է
Լիտվայի կառավարությունից Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերված ամերիկյան «Մոդեռնա» ընկերության 50 հազար դեղաչափ «Սպայկվաքս» պատվաստանյութը հասել է Հայաստան:
«Շնորհակալություն Լիտվայի Հանրապետության կառավարությանը, առողջապահության նախարարությանը և Հայաստանում Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին` COVID-19-ի դեմ պայքարում Հայաստանին օժանդակելու համար:
Շնորհակալ ենք նաև «Flagship Pioneering և Moderna Therapeutics» ընկերությունների ղեկավարությանը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանին` նախաձեռնությունը կյանքի կոչելու հարցում ներդրած ջանքերի համար:
Բաշխումից հետո ներկրված խմբաքանակը հասանելի կլինի առողջության առաջնային պահպանման օղակում և շարժական պատվաստումային կետերում»,-նշում են առողապահության նախարարությունից։
ԱՆ փոխանցմամբ, ինչպես Հայաստանում կիրառվող մյուս պատվաստանյութերը, «Սպայկվաքս» պատվաստանյութը ևս նախատեսված է 18 և բարձր տարիքի անձանց շրջանում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումներ իրականացնելու համար: