Իշխանական պատգամավորները վեցերորդ անգամ դեմ քվեարկեցին Արթուր Ղազինյանի թեկնածությանը
Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հերթական արտահերթ նիստն է գումարել՝ հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցով։ Այս հարցը քննարկվում է վեցերորդ անգամ: Այս անգամ էլ հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրվել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի թեկնածությունը։ Նրա թեկնածությանը նախորդ հինգ նիստերի ժամանակ դեմ էին քվեարկում հանձնաժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները:
Հանձնաժողովի այսօրվա նիստում Արթուր Ղազինյանն ասաց. «Համբերատար պատասխանել եմ բոլոր հարցերին, չեմ արհամարհել որևէ հարց, էլի պատրաստ էի, եթե, իհարկե, գտնվեիք հասկանալի լեզվի դաշտում: Ինչպես տեսնում եմ, ինքներդ էլ բազմաթիվ հարթակներում հայտարարել եք, որ ունեք քաղաքական որոշում, քաղաքական հրահանգ ձեր ղեկավարից դեմ քվեարկել, հետևաբար ինքնանպատակ է հարցուպատասխանի, արձագանքների, ելույթների և այլնի մասով:
Կրկին ուզում եմ փաստել՝ այս հարցը գտնվում է իշխանության պատասխանատվության տիրույթում, որոշում կայացնողն էլ եք դուք, քվեարկողն էլ:
Մեզ համար այս օրակարգը սպառված է: Իշխանությունը չի կարող ստիպել ընդդիմությանը ենթարկվել իր պահանջներին, փոխել թեկնածուին և «Հայաստան» խմբակցությունն այս պաշտոնը չի զիջելու իշխանությանը:
Հետևաբար, ձեզ թողնում եմ մենակ ձեր որոշումը կայացնելու հարցում», - հայտարարեց Արթուր Ղազինյանը:
Այնուհետև ընդդիմադիր պատգամավորները լքեցին հանձնաժողովի նիստը։
«Դուք արդեն ոչ թե խրամատային, այլ պարտիզանական շարժում եք սկսել», - դիմելով հեռացող ընդդիմադիրներին՝ ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Արթուր Ղազինյանը վեցերորդ անգամ չընտրվեց պաշտպանության հարցերի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում, իշխանական պատգամավորները կրկին դեմ քվեարկեցին նրա թեկնածությանը:
«Պարոն Ղազինյանը, կարծում եմ, կանոնակարգ օրենքով նախատեսված ժամանակահատվածում մինչև կանոնակարգ օրենքի փոփոխությունների իրականության դառնալը, կարող են այսպես շարունակել»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը:
Հարակից հրապարակումներ`
- ՔՊ-ական պատգամավորները կրկին չընտրեցին Արթուր Ղազինյանին հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում
- Արթուր Ղազինյանը չորրորդ անգամ չընտրվեց ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում
- Արթուր Ղազինյանը երրորդ անգամ չընտրվեց ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
- ՔՊ-ն դեմ քվեարկեց Արթուր Ղազինյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան