Ինչո՞ւ հենց հիմա չի կալանավորվում ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը. Վահե Հակոբյան
«Իշխանության պոպուլիստական հերթական դրսևորումն է։ Այդ դեպքում ինչո՞ւ է վարչապետի աշխատակազմը դա ղեկավարում»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանն՝ արձագանքելով իշխող խմբակցության անդամների հայտարարություններին, թե Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից կառավարությանն անցած բաժնետոմսերը ոչ թե կառավարությանն են տրվել, այլ «անցել են ժողովրդին»:
Հիշեցնենք, որ «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությունը և ՀՀ կառավարությունը հայտարարել են, որ Ընկերությունը ՀՀ կառավարությանն է նվիրաբերել իր 25 տոկոս բաժնետոմսերը։
Նա նշեց, որ այդ գործարքի շատ մանրամասներ դեռ պետք է պարզվեն, որպեսզի հասկանալի դառնա, թե ինչ նպատակ էր հետապնդում գործարքը: Վ. Հակոբյանի խոսքով, գործարքի անորոշությունները շատ են և գործարքի մանրամասները ճշտելու ուղղությամբ իրենց քայլերի հաջողականությունը կորոշեն մի փոքր ուշ:
«Փակ բաժնետիրական ընկերության արժետոմսերն ինչպե՞ս են փոխանցվում․ օրինակ՝ X ՓԲԸ-ն ունի բաժնետոմսեր՝ տարածված հազարավոր մարդկանց կամ ընկերությունների մեջ։ Եթե մի ընկերությունը որոշում է վաճառել մեկ ուրիշին, մյուսներն այդ մասին տեղյակ չեն, երբ գործարքն արդեն ֆիքսվում է, նոր են իմանում։ Հիմա X-ը վաճառել է Y-ին, Y-ն էլ իր Y-ից տոկոս է նվիրել կառավարությանը։ Թե ի՞նչ նպատակ է հետապնդելով՝ շատ շուտով կպարզենք, թե ով ում հետ է կապված, ում բառերն են այստեղ հնչում, ինչ հետևանքներից ելնելով գնացին գործարքին»,- մանրամասնեց Վահե Հակոբյանը։
Նա նշեց, որ որպես ոլորտից քիչ թե շատ հասկացող մարդ, իր համար ծայրահեղ անհասկանալի գործարք է:
«Պոչամբարն ի՞նչ են անելու»,- հարցադրում արեց ընդդիմադիր պատգամավորը:
Անդրադառնալով Սյունիքի մի շարք համայնքապետերի, նաև Գորիսի համայնքապետի կալանավորմանը, ով մասնակցելու է ՏԻՄ ընտրություններին, «Հայաստան» խմբակցության պատգամավորն ասաց, որ իշխող ուժի պատգամավորներից Արմեն Խաչատրյանը պարբերաբար գտնվում է Գորիսում, ՔՊ-ի թեկնածուի նախընտրական քարոզն է տանում:
«Նրա համար, ինչի համար կալանավորված են Առուշ Առուշանյանը, Մենուա Հովսեփյանը, հետապնդվում է Իրինա Յոլյանը՝ այսինքն աջակցություն ցուցաբերելու և խոստանալու համար, հիմա Արմեն Խաչատրյանը Գորիսում և հարակից գյուղերում 1 միլիարդ դրամի առաջակցություն է առաջարկում: Սա ի՞նչ է, բա ինչո՞ւ հենց հիմա չի կալանավորվում Արմեն Խաչատրյանը: Իրեն կարելի՞ է այդպիսի բաներ անել: Որտե՞ղ է հանցակազմը Առուշանյանի մասով՝ լինելով քաղաքապետ: Իսկ Արմեն Խաչատրյանը որպես ո՞վ է հանդիսանում, իր պռոտեժե՞ն է իրենց թեկնածուն: Այս հարցերի պատասխանը գլխավոր դատախազը պետք է տա»,- ասաց նա:
Անդրադառնալով իրենց քաղաքական ուժի՝ փողոցում պայքարը շարունակելուն, Վահե Հակոբյանն ասաց. «Մենք փողոցային պայքարից երբեք չենք հրաժարվել, գնալու ենք բոլոր հնարավոր ճանապարհներով, որ այս իշխանություններին օր առաջ վռնդենք մեր կյանքից»:
Ընդդիմադիր պատգամավորն առաջարակեց չհենվել Նիկոլ Փաշինյանի որևէ ասածի վրա, քանի որ ստի, կեղծիքի ու պոպուլիզմի վրա են հիմնված:
Հարակից հրապարակումներ`
- Տեռորի միջավայրն ակնհա՞յտ էր, իհարկե. Վարդևանյանը՝ ԶՊՄԿ-ի բաժնետոմսերի 25 տոկոսը կառավարությանն անցնելու մասին
- Ռոբերտ Քոչարյան. ԶՊՄԿ-ի բաժնեմասերը վարչապետի աշխատակազմին նվիրելը լկտիության հասնող կոռուպցիայի դրսևորման բարձրագույն պիլոտաժ է
- Կառավարությունը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի բաժնետոմսերը որպես նվիրատվություն է ընդունել
- Առուշ Առուշանյանի նկատմամբ քրգործի նախաքննությունն ավարտվել է
- Գորիսում պոկել և վնասել են Առուշ Առուշանյանի նախընտրական պաստառները