Հասել ենք այն կետին, որ թուրքը խոսում է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների մասին. Աննա Մկրտչյան
«Ինչպե՞ս կարելի էր սեփական պաշտոնի համար, սեփական իշխանությունը վերարտադրելու համար պատրաստ լինել զոհել պետություն, մի ամբողջ անվտանգություն ու մի ողջ ժողովրդի արժանապատվություն: Այս հարցն է արդեն 1 տարի իրեն տալիս ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի»,- ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:
Նա պնդեց, որ թուրքերի կողմից Հայաստանի շուրջ օղակն ավելի է սեղմվում, քանի որ հայկական կողմից չկա հակազդեցություն:
«Որովհետև այն մարդը, որը զավթել է իշխանությունը, մտադիր չէ պաշտպանել պետությունը»,- ասաց կին պատգամավորը:
Ըստ Մկրտչյանի՝ Թուրքիայի առաջնորդը հայտարարում է, որ Հայաստանի առաջնորդն իրենից հանդիպում է աղերսում, իսկ ինքը չի պատրաստվում հանդիպել՝ սպառնալով Սյունիքի միջանցքով, Արցախի կարգավիճակի հարցը փակուղու առաջ դնելով և գերիների վերադարձի հարցն անիմաստ համարելով:
«Հասել ենք այն կետին, որ թուրքը խոսում է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների մասին, իսկ դրանից հետո այստեղ սկսում ենք քննարկել հնարավոր սահմանադրական փոփոխությունների գործընթացները»,-նկատեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը:
Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանը օպերատիվ կապով տվել է խոստումներ և գլուխը կախ կատարում է այդ հակահայկական խոստումները:
«Այսօր պատասխան չունի միայն մեկ հանգամանք, թե որքա՞ն պետք է չսիրես երկիրդ ու ժողովրդիդ, որ ուղղակի ցանկություն չունենաս թույլ տալ իրականացնել պարզունակ ինքնապաշտպանություն»,-ասաց Մկրտչյանը և տարակուսեց, թե ինչու չի թույլատվում մեկ ուրիշը գնա բանակցությունների, որը չի վախենում Ադրբեջանի կողմից համապատասխան տեղեկությունների հրապարակմամբ շանտաժից:
«Պատիվ ունեմ» խմբակցության կին պատգամավորը, հիշեցնելով, որ Նիկոլ Փաշինյանն իր ընթացը սկսել է հայրենիքի համար մեր հայրենակիցների մահը հանուն ոչնչի որակելով, հայտարարեց. «Հարգելի հայրենակիցներ, դավադիր անհայրենիքին մնացել է ընդամենը մեկ քայլ՝ մեր հայրենիքը դարձնել ոչինչ, որովհետև արդեն ասում են, որ մեր ապրելն հանուն ոչնչի է»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան