ՍԴ-ում կվիճարկվի պատգամավորներին 250 հազարական դրամներ տալու և պարգևատրումների համակարգը. Վարդևանյան
«Այսօր Սահմանադրական դատարան է մուտքագրվելու դիմում, թվով 7-րդ դիմումը, որը կրկին մշակվեց մեր կողմից, վերաբերելու է 250 հազար դրամները պատգամավորներին փաստացի որպես աշխատավարձ տրամադրելուն, որի իրավաչափ նպատակը սոցիալ-տնտեսական այս բարդ պայմաններում առհասարակ հասկանալի չէ և ընդունելի էլ չէ, երկրորդ հանգամանքը պարգևատրման համակարգն է»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:
Նա նշեց, որ պարգևատրման համակարգը վիճարկվելու է, ըստ էության ամբողջությամբ, բայց այն մասով, որը վերաբերում է քաղաքական պաշտոնյաների` այսինքն հանրապետության նախագահ, վարչապետ, նախարարներ, նախարարի տեղակալներ, պատգամավորներ, բոլորի մասով պարգևատրման ինստիտուտը վիճարկվում է, որովհետև իրենք այստեղ չեն տեսնում, որ կարող է լինել իրավաչափ բնույթի գործողություն:
«Պարգևատրումը տրամադրվում է կատարողականի համար, պատգամավորներին ինչի՞ համար են տալիս»,- ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը:
Արամ Վարդևանյանը նշեց, որ իրենք ՍԴ-ին միջնորդել են, որ 250 հազարականների մասով դրա գործողությունը կասեցվի:
«Առաջիկայում նաև օրենսդրական նախաձեռնությամբ հանդես կգանք, մինչև ՍԴ որոշումները կփորձենք նաև այդ ճանապարհով հարցին լուծում տանք»,- ասաց Ա. Վարդևանյանը:
Պատգամավորը նշեց, որ իրենց խմբակցությանը տրված պարգևատրումը` շուրջ 11 միլիոն դրամ, ամբողջությամբ փոխանցվել է Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնին:
«Նպատակահարմարությունը պետական բյուջե փոխանցելու չի եղել մի պարզ պատճառով, որ փոխանցենք և նորից պարգևատրում տրվի, նորից մի նախարարի պարգևատրում տրվի՞: Այս պարագայում մենք փորձեցինք ազդակ տալ, ցույց տալ, թե առհասարակ այս պայմաններում, ինչ ուղղություններով պետք է այդ միջոցները ուղղվեն, ոչ թե պետք էր գար պատգամավորներին, որ պատգամավորները փոխանցեին, այլ առհասարակ դա չպետք է լինի և այս հարցը ևս ՍԴ-ում բարձրաձայնվում է, այսօր էլ կմուտքագրվի»,- ասաց Արամ Վարդևանյանը:
Հարակից հրապարակումներ`
- «Հայաստան» խմբակցությունը պարգևավճարների գումարը փոխանցել է Արցախում զինվորների համար գործող վերականգնողական կենտրոն
- Առաջարկ կա բարձրաստիճան պետական պաշտոնյաների պարգևատրումների ֆոնդը կրճատել
- «Իշխանությունը, քաղաքացիների խնդիրները մի կողմ թողած, լծված է գունագեղ տոնակատարություններ կազմակերպելու և պարգևատրումների գործին»
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին