Լուիզ Մուշիկիվաբո․ Ֆրանկոֆոնիայի կազմակերպությունը շատ զգայուն է Հայաստանի քաղաքական խնդիրների հանդեպ
«Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը շատ զգայուն է Հայաստանի քաղաքական խնդիրների հանդեպ։ Մենք հետևել ենք իրադարձություններին, պատերազմի ժամանակ հայերի ցավին»,- այս մասին այսօր հայտարարեց այցով Հայաստանում գտնվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն։
Նրա խոսքով՝ բնականաբար, 88 անդամ ունեցող կազմակերպությունում մի շարք երկրներ շատ սերտ հարաբերություններ ունեն Հայաստանի հետ, որոշ երկրներ նույնիսկ քաղաքական պրոցեսների մեջ են ներգրավված, ինչպիսին օրինակ Ֆրանսիան է, որը նաև կազմակերպության նստավայրն է, և կան այլ երկրներ, որոնք պակաս զգայուն են այս հարցերի նկատմամբ։
«Հայաստանը մեր անդամ պետությունն է և այս պահին մեր նախագահող երկիրը, ուստի մենք շատ զգայուն ու ուշադիր ենք այս երկրի հանդեպ»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ Հայաստանը ստանձնեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախագահությունը 2018թ-ի հոկտեմբերին՝ Մադագասկարից։
Մուշիկիվաբոն նշեց, որ Ֆրանկոֆոնիայի հաջորդ գագաթնաժողովը պետք է լինի Թունիսում՝ Ջերբայում, մոտ 1,5 ամիս անց, որի ընթացքում կազմակերպության նախագահությունը կփոխանցվի հաջորդ նախագահողին՝ Թունիսին։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները