ՀՀ երկրորդ նախագահի ցանկացած ակտիվություն Ալիևի մոտ առաջացնում է նյարդային ջղաձգումներ. Արթուր Ղազինյան
«Հայաստանի երկրորդ նախագահի ցանկացած ակտիվություն Ալիևի մոտ առաջացնում է նյարդային ջղաձգումներ՝ շատ լավ հասկանալով, թե ինչ է նշանակում իր և իր պետության համար երկրորդ նախագահի վերադարձն իշխանության»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, որ Հայաստանում որևէ մեկը ռևանշի մասին չմտածի:
Նա նշեց, որ Ադրբեջանի նախագահը վախեցած է, սարսափած է այդ մտքից, և մի լավ ասացվածք կա՝ «արջն իր ահից գոռում է», այս պարագայում ինքը գոռում է:
Պատասխանելով հարցին՝ թվում էր, թե ընդդիմությունն իր ճանապարհով պետք է ընթացք տար, փորձեր բացահայտել Ալիևի հետ 5 միլիարդի գործարքի վերաբերյալ հայտարարություններին, Ա. Ղազինյանն ասաց. «Այդ առաջարկը նոր չէ, արվել է դեռևս 2011 թվականից: Ադրբեջանի առաջարկությունն է եղել և հիմքը հետևյալն է՝ միևնույնն է, այսպես թե այնպես հարցը պետք է մի օր լուծվի, որպեսզի պատերազմ չլինի, մենք առաջարկենք այն գումարը, որը պետք է ծախսենք պատերազմի վրա, փոխանցենք ձեզ, տվեք ձեր քաղաքացիներին, կուզեք պահեք ձեզ:
2018 թվականից հետո ստեղծված օպերատիվ կապի շրջանակներում էլ նույն առաջարկն արվել է, ընդ որում գրավոր: Առաջարկը ներկայացվել է Փաշինյանին: Չգիտենք՝ մերժում է եղել, թե հավանություն: Գրավոր է ներկայացվել, ենթադրում եմ՝ պատասխանը պետք է գրավոր լիներ:
Հիմա մի հարց՝ այն, ինչի համար առաջարկվում էր 5 միլիարդ, այժմ գտվում է Ադրբեջանի վերահսկողության տակ: Հիմա եկեք հասկանանք՝ 5 միլիարդի գործարքը եղե՞լ է, թե՞ ոչ»:
Ա. Ղազինյանն ասաց, որ պետական դավաճանության հոդվածով 5 հաղորդում է ներկայացվել, որից մեկը հենց ինքն է ներկայացրել:
«Իրավապահ համակարգը հրաժարվում է իրավական ճանապարհով քննել պատերազմը, քննել դավաճանության հանգամանքը, արգելափակում է մեր բոլոր փորձերը՝ սահմանադրաիրավական ճանապարհով այս ճգնաժամին լուծում տալ»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան