Չեմ լսել որևէ հիմնավորում, երբ ասվել է՝ սահմանները որոշվում են Վարչատարածքային բաժանման մասին օրենքով. Վ.Տերտերյան
Ազգային ժողովում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը ներկայացրեց «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:
ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, դիմելով Վաչե Տերտերյանին, հետաքրքրվեց. «Երկար տարիներ եղել եք այն կառավարությունում, որը ոչ միայն հեղինակ է Վարչատարածքային բաժանման մասին օրենքին՝ իր բոլոր փոփոխություններով, եղել եք նաև պատասխանատու այդ դիրքերում: Լսել եք հնչեցված մեղադրանքները, թե իբր այդ օրենքով նկարագրված է ՀՀ պետական սահմանները, այդ թվում Ադրբեջանի հետ: Դուք այս տեսակետին կո՞ղմ եք, թե՞ ինքներդ էլ եք համարում, որ այդ օրենքով չէր կարող ՀՀ պետական սահմանի հարց քննարկվել»:
Վաչե Տերտերյանը նախ ասաց, որ ինքը եղել է ոչ միայն այն կառավարություններում, որոնք այս վարչատարածքային փոփոխությունների մասին են խոսել, այլ աշխատել է բոլոր այն կառավարությունների ժամանակաշրջանում, որոնք վարչատարածքային բաժանման և ընդհանրապես տեղական ինքնակառավարման հիմնադրման ժամանակից են:
«1996 թվականից այս ոլորտում ակտիվ աշխատել եմ, չեմ լսել որևէ հիմնավորում, երբ ասվել է, որ սահմանները որոշվում են Վարչատարածքային բաժանման մասին օրենքով: Ոչ ոք նման բան չի ասել, համենայնդեպս իմ հիշողության մեջ նման բան չկա և հին, նոր ժամանակներում»,- ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը:
ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Խաչատրյանը խոստացավ Վաչե Տերտերյանին ուղարկել բազմաթիվ ձայնագրություններ, նաև նիստերի արձանագրություններ կան, որտեղ հստակ հղում կա, որ «թուրքերը եկել են Շուռնուխ, որովհետև 2010 թվականին ընդունվել է մի օրենքի փոփոխություն, որն ասում է՝ Շուռնուխից արևելք Ադրբեջանն է, չնայած կոնկրետ որևէ կորդինատ չկա, թե Շուռնուխից ինչքան հեռու է անցնում Ադրբեջանը»:
«Կուղարկեմ կառավարության ղեկավարի բազմաթիվ հայտարարությունները դրա վերաբերյալ»,- ասաց Արթուր Խաչատրյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին