Իշխանությունն ակնհայտորեն թաքցնելու բան ունի, որը փորձում է ամեն գնով թաքցնել. Տիգրան Աբրահամյան
«Իրականում արդեն 2-3 շաբաթ է Սյունիքում կա մտահոգիչ, ճգնաժամային, կարող ենք ասել էսկալյացիայի ռիսկեր պարունակող իրավիճակ»,- Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց հանձնաժողովի անդամ, «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը:
Նա նշեց, որ խորհրդարանում կան պատգամավորներ, որոնք ցանկություն ունեն այս թեմայի շուրջ պարզաբանումներ ստանալ ԱԱԾ տնօրենից, պաշտպանության նախարարից, մնացած պաշտոնատար անձանցից:
«Մենք 2-3 շաբաթ է քննարկում ենք, թե որ ընթացակարգով գան, ինչպես անեն: Երեք շաբաթ է պատգամավորները փորձում են այդ մարդկանց հետ հանդիպում ունենալ, պարզաբանումներ ստանալ ու չեն կարողանում»,- ասաց Տ. Աբրահամյանը:
Հանձնաժողովի նիստից հետո Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի արտահերթ նիստի «հավերժ» օրակարգային հարցն ինչպես սպասելի էր կրկին մնաց չկարգավորված. հանձնաժողովի փոխնախագահի ընտրությունն իշխանությունը կրկին տապալեց։
Առիթից օգտվելով ևս մեկ անգամ անդրադարձա Սյունիքում ստեղծված իրադրությամբ պայմանավորված մի շարք պաշտոնյաների, այդ թվում՝ ԱԱԾ տնօրենին, ՊՆ-ին խորհրդարան հրավիրելու խնդրին։
Այն, որ այս թեմայով բազմաթիվ հարցեր կան կուտակված որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում, սակայն իշխանության պահվածքը՝ զերծ պահել անվտանգության բլոկի պաշտոնյաներին ԱԺ ներկայանալուց, ավելի է խորացնում եղած մտահոգությունները։
Իշխանությունն ակնհայտորեն թաքցնելու բան ունի, որը փորձում է ամեն գնով թաքցնել»։