Այսօր մեր համար տեղեկատվության աղբյուր է հանդիսանում մեր թշնամական պետությունը. Աննա Մկրտչյան
«Չի անցնում մեկ շաբաթ, երբ չլինի գեթ մեկ իրադարձություն, որը չապացուցի՝ Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր օպերատիվ կապով տված խոստումները կյանքի կոչել»,- ճեպազրույցի ժամանակ խորհրդարանում հայտնեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը և պնդեց, որ այդ բոլոր խոստումները հակահայկական են:
Պատգամավորը նշեց, որ ՀՀ-ն տարածաշրջանում դարձել է վարչատարածքային միավոր, ոչ թե գործառութային առումով սուբյեկտայնություն ունեցող երկիր և փաստեց, որ ներկայում կա զավթված միջպետական ճանապարհ, որը իշխանությունները փորձում են որպես ճանապարհային փոքրիկ միջադեպ ներկայացնել:
«Այսօր մեր համար ուղղակի տեղեկատվության աղբյուր է հանդիսանում մեր թշնամական պետության տրամադրած լուրը՝ անկախ նրանից, թե դրանք պաշտոնական են, թե ոչ»,-հայտարարեց Մկրտչյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպես է նա գնահատում, որ ՀՀ-ի օդային տարածքով ադրբեջանական ինքնաթիռների թռիչքի մասին հայտնում են Բաքվից:
Ընդդիմադիր պատգամավորն այն գնահատեց խայտառակություն և պայմանավորեց այն փաստով, որ ՄԱԿ-ի ամբիոնից Նիկոլ Փաշինյանը խուսափեց խոսել հայկական պետությունների դեմ ահաբեկչական պատերազմ սանձազերծած մի քանի պետությունների մասին:
Մկրտչյանը հիշեցրեց, որ բազմիցս ասվել է՝ հայկական ուժերը կռվել են Թուրքիայի, Պակիստանի և Ադրբեջանի բանակների դեմ և պնդեց, որ ՀՀ իշխանությունների նման պահվածքը Անկարային և Բաքվին չգրգռելու, հանգստացնելու նպատակ է հետապնդում:
«Այս պահին ՀՀ-ում ոչ միայն անվտանգային համակարգ չկա, այլ մարդ չկա, որ ուզենա այդ անվտանգային համակարգը պահպանել»,- նկատեց պատգամավորը:
Անդրադառնալով Լիտվայում Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ՀՀ-ն չի ներքաշվի Իրանի դեմ դավադրության մեջ՝ պատգամավորը պնդեց, որ նա մեր ռազմավարական և բարեկամ երկրի հետ հարաբերություններն այն աստիճան է վատացրել, որ այսօր երաշխիքներ է հնչեցնում նրա դեմ չգնալու մասին, այն դեպքում, երբ դավադրության մասին ոչ մեկը չի խոսել:
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը եզրակացրեց, որ Նիկոլ Փաշինյանը դրսի բարեկամ և թշնամի խաղացողներին տվել է տարբեր խոստումներ տարբեր ոլորտներում և տպավորությունն այնպիսին է, որ նման հայտարարություններով իշխանության մնալու համար նա տարաժամկետում է իր տված խոստումների կատարումը, որն իր անձի վրա բացասական ազդեցություն չի ունենում, բայց՝ ունենում է ՀՀ-ի վարկանիշի վրա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան