Կան առաջին անհրաժեշտության ապրանքներ, որոնք թանկացել են 30-60 տոկոս. Թադևոս Ավետիսյան
«Գնաճի այս մտահոգիչ բարձր տեմպի ֆոնին, ըստ էության, սոցիալական նշանակության վճարների չափերը չեն ավելանում»,- Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Թադևոս Ավետիսյանը:
Նրա խոսքով, մասնավորապես, այս տարվա հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա համեմատ առաջանցիկ աճում են գները, հատկապես սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների, բայց նվազագույն աշխատավարձը նույնն է, հանրային ծառայության բազային աշխատավարձը նույնն է, անապահովության նպաստների, կենսաթոշակների և մյուս նպաստների չափերը չեն փոխվել:
«Արդյո՞ք սա մտահոգում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, ունե՞ն վերլուծություններ, գնահատումներ, թե ի՞նչ չափով է սա աղքատություն ծնող հետևանքներ ունենալու»,- ընդդիմադիր պատգամավորը հարցադրումներն ուղղեց կառավարության ներկայացուցիչներին:
Նա նշեց, որ 2022 թվականի պետական բյուջեի նախագծով ոչ համարժեք հաշվի են առնված գնաճի 2020 թվականից սկսած բարձր տեմպերը, անապահովության նպաստերի կամ կենսաթոշակների որոշ խմբերի համար բարձրացումը բացարձակ անհամարժեք է այն գնաճին, որին ականտես են լինում:
«Ցավալիորեն արձանագրենք, որ գնաճն ունի առաջանցիկ աճի միտում, այսինքն այս տարվա ամեն հաջորդ ամիս նախորդ տարվա համեմատ փաստացի ունենում ենք գների ավելացում: Դա երևաց հենց սեպտեմբերին, երբ արդեն սպառողական գների ինդեքսը հասավ 6,7 տոկոսի նախորդ ամսվա 6,4-ի փոխարեն, իսկ սննդամթերքի գներն այս տարվա սեպտեմբերին նախորդ տարվա համեմատ՝ 15,4 տոկոսի: Առաջին անհրաժեշտության ապրանքներ կան, որոնք թանկացել են 30-60 տոկոս»,- թվային տվյալները ներկայացրեց Թ. Ավետիսյանը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ասաց, որ ոչ միայն 2022 թվականի բյուջեի նախագծում, այլ կառավարության ծրագրով էր հստակ նշված նվազագույն կենսաթոշակի բարձրացման իրենց տեսլականը, կարող են վստահ լինեն, որ մինչև 2026 թվականը դրված թիրախներին հասնելու են:
Նա հայտնեց, որ 2022 թվականի հունվարի 1-ից բարձրացնելու են նվազագույն կենսաթոշակի չափը՝ 26 հազար 500 դրամից դառնալու է 28 հազար 600 դրամ, բարձրացնելու են պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողների հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերը:
Նախարարը թվարկեց, թե էլ ինչ են նախատեսում 2022 թվականի բյուջեով:
«Բնականաբար, նաև պետք է հաշվի առնենք այն հանգամանքը, որ 2020-2021 թվականներին ունեցել ենք բավականին բարդ իրավիճակ, որը նաև պետք է իր ազդեցությունը թողներ տնտեսության վրա, հետևաբար մեր քաղաքականությունները մշակելիս, արդյունքները գնահատելիս պետք է հաշվի առնել նաև այդ հանգամանքները»,- ասաց կառավարության ներկայացուցիչը:
Թ. Ավետիսյանն արձագանքեց, որ բարձրացումների մասին իր խոսքում ասել է, սակայն խնդիրը հետևյալն է. «Նաև կառավարության ծրագրում գրված է՝ նպաստների, թոշակաների չափերն առնվազն պետք է գնաճից ավելի բարձրանա: Այդպես չէ, քանի որ ձեր նշած մի մասի համար 7-8 տոկոսի աճը բավարար չէ, որպեսզի իրական եկամուտների նվազման հետևանքները ծածկվի: Այլ կերպ ասած՝ աղքատները, ծայրահեղ աղքատներն իրենց իրական եկամուտները կորցնելու հաշվին ավելի վատ են ապրելու հաջորդ տարի, քան այս տարի:
Աշխատող աղքատները, որոնք աշխատողների մեջ 25 տոկոս են, նրանց թիվն ավելի շատանալու է, տեսակարար կշիռը մեծանալու է, քանի որ սննդամթերքի, առաջին անհրաժեշտության ապրանքների գներն անհամեմատ բարձր տեպով շարունակում են աճել»:
Նարեկ Մկրտչյանը նշեց, որ կառավարության հնգամյա ծրագրում ամեն ինչը նախատեսված է, բարձրացնելու են նաև նվազագույն աշխատավարձը, հնարավորություն դեպքում բարձրացնելու են այլ նպաստներ ու բազային աշխատավարձը:
«Ծայրահեղ աղքատությունը հաղթահարելու նպատակով պետք է աստիճանաբար բարձրացնենք բոլոր նպաստները և կենսաթոշակների չափերը, դրանք համալիր գործողությունների արդյունք պետք է լինեն»,- ասաց նախարարը:
Հարակից հրապարակումներ`
- Այս իշխանությունները մեր երկիրը հասցրել են գոյատևման խնդրի առջև. Թադևոս Ավետիսյան
- Սուրեն Պարսյան. ԿԲ-ն չի կարողանում կառավարել գնաճը. սպասվում են նոր թանկացումներ
- Թադևոս Ավետիսյան. 2021 թ-ի առաջին կիսամյակում ևս շարունակվել է սոցիալ-տնտեսական ճգնաժամը
- Մինչև տարեվերջ 12-ամսյա գնաճը կպահպանվի բարձր մակարդակում․ Մարտին Գալստյան
- ԿԲ-ն տնտեսության վրա շարունակում է ակնկալել հիմնականում գնաճային ազդեցություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան