Արդյո՞ք ՀՀ կառավարությանը տեղյակ է ռուսական կողմի այս մտադրությունների մասին. Արմեն Գևորգյան
«Երկու օր է շրջանառվում է տեղեկատվություն այն մասին, որ Ռուսաստանի կառավարությունը պատրաստվում է ԵԱՏՄ երկրներում արտադրված ալկոհոլային խմիչքների համար ներմուծողներից պահանջել բանկային երաշխիքներ»,- Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը:
Նա հարցով դիմեց կառավարությանը, թե արդյո՞ք տեղյակ են ռուսական կողմի այս մտադրությունների մասին, ինչքանո՞վ են այս մտադրությունները ստեղծելու նոր խոչընդոտներ Հայաստանի՝ ՌԴ ալկոհոլ ներմուծողների կամ արտահանողների համար, ինչքանո՞վ է ռուսական կողմի այս մտադրությունները տեղավորվում ԵԱՏՄ ազատ առևտրի կանոնների շրջանակներում, որովհետև եթե այս մտադրություններն իրականություն դարձան, չի կարծում, որ հայ կոնյակագործները, գինեգործները մեծ ոգևորություն են ապրելու:
«Մեր գյուղատնտեսության մեջ համակարգաստեղծ նշանակություն ունի կոնյակի և գինու արտադրությունը, նաև սոցիալական նշանակություն ունի շատ մարդկանց համար, ովքեր զբաղված են գյուղատնտեսությամբ, խաղող են աճեցնում»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պատասխանեց, որ նոր թեմա է, նման հարց որևէ օրակարգում քննարկված չի եղել մինչ օրս:
«Կար մի խնդիր, որը վերաբերում էր մրգային գինիներին, որոնք ժամանակավոր լուծում են ստացել, բայց ասել, որ ինչ որ երաշխիքային մեխանիզմ կաշխատի, ակնհայտ ԵԱՏՄ կարգավորման շրջանակներում կլինի խոչընդոտ, խոչընդոտ հենց իրավական առումով, որը ենթակա կլինի վերացման ԵԱՏՄ սահմանված կարգով, քանի որ դա ակնհայտ պրեֆերենցիա է ռուսական շուկայի համար: Կարծում եմ՝ նման բան չպետք է տեղի ունենա»,- ասաց նա:
Արմեն Գևորգյանն առաջարկեց հետևողական լինել, որ իրականություն չդառնան այս մտադրությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան