Մեր առաջարկներն ավելի սոցիալական են, քան կառավարության ներկայացրածը. Թադևոս Ավետիսյան
««Հայաստան» խմբակցության առաջարկներն ԱԺ մշտական հանձնաժողովի անդամները չեն ընդունել և մեր կողմից էլ չեն ընդունվել, քանի որ, մեր մոտեցմամբ, այն հակասում է սոցիալական փաթեթի գաղափարին»,- 64 պատգամավորով սկսված այսօրվա ԱԺ նիստում հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը՝ ներկայացնելով «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագծի վերաբերյալ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ ստացված առաջարկները:
Փոխնախարարը պնդեց, որ «Հայաստան» խմբակցության առաջարկները ներառելու դեպքում ստիպված էին լինելու սոցիալական փաթեթ ընդհանրապես չունենալ:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը հայտնեց, որ իրենց առաջարկն ավելի սոցիալական է, քան կառավարության ներկայացրածը, քանի որ իրենք առաջարկել էին հանրային ծառայողներին հնարավորություն տալ սոցիալական փաթեթի գումարներով վճարել ոչ թե բացառապես հիպոտեկային վարկերն, այլ բոլոր տեսակի վարկերը:
Թադևոս Ավետիսյանը հայտարարեց, որ իրենք նաև առաջարկել էին, որ այդ գումարը քաղաքացին կարողանա օգտագործի նաև այլ նպատակներով, օրինակ՝ եթե վարձով բնակարանում է ապրում, ապա կարողանա սոցփաթեթի գումարներով նաև վարձ վճարի, ինչին դեմ է կառավարությունը:
Ռուբեն Սարգսյանը բացատրեց, որ սոցիալական փաթեթեի հիմնական նպատակը հանրային ծառայողների և պետական համակարգում աշխատողների հանգստի և առողջ ապրելակերպի խրախուսումն է, իսկ այդ գումարը շատ քիչ է բնակարանի վարձավճարը տալու համար, քանի որ ամբողջ տարվա համար ընդամենը 72 հազար դրամ է:
Փոխնախարարը սակայն չբացառեց, որ «Հայաստան» դաշինքի առաջարկը դիտարկվի սոցիալական աջակցության այլ մեխանիզմներով:
Թադևոս Ավետիսյանն էլ իր ելույթում հակադարձեց, որ նույն այդ գումարը՝ տարեկան 72 հազար դրամը, քիչ է նաև հիպոտեկային վարկեր վճարելու կամ 4 հոգանոց ընտանիքի հանգիստը կազմակերպելու համար:
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն էլ առաջարկեց ոչ թե սոցփաթեթի գումարը նույնը թողնել և միայն ծառայություններն ավելացնել, այլ ավելացնել նաև տարեկան 72 հազար դրամի չափը:
ԱԺ-ն ՔՊ պատգամավորների միջոցով քվեարկությամբ ընդունեց նստաշրջանում քննարկված բոլոր օրենքները: «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագծի օգտին իշխանական պատգամավորները քվեարկեցին առանց ԱԺ նիստը նախագահող Ռուբեն Ռուբինյանի ազդանշանի և ստիպված եղան ստիպված եղան կրկնակի քվեարկությամբ այն ընդունել: Ընդդիմադիր խմբակցությունները ձեռնպահ քվերակեցին վերջին նախագծին:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան