ԵՄ երկրներն առաջարկել են հետաքննել գազի գնի ռեկորդային թռիչքի պատճառները
ԵՄ մի խումբ երկրներ՝ Ֆրանսիան, Իսպանիան, Չեխիան, Ռումինիան և Հունաստանը, առաջարկել են ուսումնասիրել Եվրոպայում գազի գնի ռեկորդային թռիչքի պատճառները: Այս մասին ասվում է հինգ երկրների համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակել է Bloomberg-ի լրագրող Խավիեր Բլասը Twitter-ում, գրում է Tass-ը։
«Ինչ վերաբերում է գազին, ապա գազի եվրոպական շուկայի գործունեությունը պետք է ուսումնասիրվի` հասկանալու համար, թե ինչու գազի ներկայիս պայմանագրերն անբավարար եղան», - ասվում է հայտարարության մեջ:
Հինգ երկրները նաև կոչ են արել գազի պաշարների վերաբերյալ ընդհանուր կանոններ սահմանել՝ գների աճը մեղմելու համար: Հայտարարությունն առաջարկում է գնումների համակարգման ավելացում` ընդհանուր դիրքերը բարելավելու համար:
Բացի այդ, փաստաթղթի հեղինակները անհրաժեշտ են համարում բարեփոխել ԵՄ էլեկտրաէներգիայի շուկան` սպառողների համար էլեկտրաէներգիայի արտադրության արժեքի և դրա վերջնական գնի միջև հարաբերությունները բարելավելու համար:
Հինգ երկրները նաև մատնանշում են էլեկտրաէներգիայի սակագները Եվրոպական միությունում գործող արտանետումների առևտրի համակարգի հետ կապելու անհրաժեշտությունը:
Փաստաթղթում նշվում է, որ սա թվարկված հինգ երկրների էկոնոմիկայի և ֆինանսների նախարարների համատեղ հայտարարությունն է:
Եվրոպայում գազի գինը հոկտեմբերի 4-ին կայացած առևտրի ընթացքում կրկին ռեկորդ է սահմանել և առաջին անգամ գերազանցել է 1,2 հազար դոլարը՝ 1000 խորանարդ մետրի համար։ Անցյալ շաբաթ այս ցուցանիշը պատմության մեջ առաջին անգամ գերազանցեց 1000 դոլարը: