Pfizer-ի արդյունավետությունն անկում է գրանցում, սակայն պաշտպանում է վարակվածներին ծանր դեպքերից
Կորոնավիրուսի դեմ Pfizer Inc/BioNTech ընկերության պատվաստանյութի արդյունավետությունը երկրորդ չափաբաժինը ստանալուց վեց ամիս անց 88-ից անկում է ապրել 47 տոկոսի: Այս տվյալը հրապարակվել է «Lancet» բժշկագիտական հանդեսում: Այս տվյալն է դարձել պատճառ, որ ԱՄՆ-ի առողջապահական գործակալությունները որոշել են սկսել երրորդ` խթանիչ չափաբաժնի ներարկումները: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Նույն տվյալների համաձայն, սակայն, պատվաստված անձանց 90 տոկոսի մոտ չի նկատվում հոսպիտալացվելու կարիք: Պատվաստված անձանց 90 տոկոսի մոտ չեն գրանցվում մահվան դեպքեր: Խոսքը վերաբերում է նաև Դելտա անվանումը ստացած ենթատեսակով վարակվելուն:
Pfizer-ի և Kaiser-ի հետազոտական խմբերն ուսումնասիրել են անցած ութ ամիսների ընթացքում ավելի քան երեք միլիոն մարդկանց տվյալները: Պարզվել է, որ Pfizer-ի պատվաստանյութի արդյունավետությունը Դելտայի դեպքում կազմում է 93% առաջին ամսվա ընթացքում և 53%` չորս ամիս անց:
Այլ ենթատեսակների համար արդյունավետությունն անկում է գրանցել 97-ից 67 տոկոսի:
Արդյունավետության անկումը, ըստ հետազոտող խմբի եզրակացության, պատվաստանյութի աստիճանաբար թուլացող հատկությունն է, այլ ոչ թե նոր ենթատեսակների գրոհը:
ԱՄՆ-ի Սննդամթերքի և դեղամիջոցների վարչությունը Pfizer-ին տվել է տարեց ու տարբեր հիվանդությունների պատճառով ռիսկային գոտում գտնվող մարդկանց երրորդ չափաբաժնով պատվաստելու արտոնություն: Գիտնականներն այժմ փորձում են պարզել, թե արդյոք հարկավոր է խթանիչ չափաբաժինը տալ մյուսներին, թե ոչ: