Թևան Պողոսյան. «Ես աշխատանք չեմ տեսնում, որ աշխատանքային լարվածության խնդիր տեսնեմ». «Հրապարակ»
«Հրապարակ»-ում կարդում ենք. «ԱԺ «Ժառանգություն» խմբակցության դե ֆակտո ղեկավար Զարուհի Փոստանջյանը, ըստ ընթացակարգի, ներկայացրել է իր դիմումն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին, որ իրեն դե յուրե «վավերացնի» որպես խմբակցության ղեկավար։ Ընթացակարգը, սակայն, պահանջում է, որ խմբակցությունը նիստ հրավիրի և նիստով առաջադրի խմբակցության ղեկավարին»։
Նույն խմբակցության ոչ ժառանգական անդամ Թևան Պողոսյանը, որը, հակառակ Փոստանջյանի, կողմ է քվեարկել սահմանադրական փոփոխությունների նախագծին, «Հրապարակ»-ի հետ զրույցում ասել է, որ ինքն անվստահության մթնոլորտ է տեսնում խմբակցության ներսում, ուստի չի պատրաստվում նիստ հրավիրել և նման նախաձեռնությամբ հանդես գալ։
Հարցին՝ խնդիրը միայն Զարուհի Փոստանջյանի՞ մեջ էր, կամ ի՞նչն էր պատճառը, որ այսպես փլուզվեց խմբակցությունը, Թ. Պողոսյանը պատասխանել է. «Բոլորի մեջ կա անվստահություն, կարող է նաև իմ մեջ կա խնդիր հիմա, ես չգիտեմ»։
Հարցին՝ այդուհանդերձ, աշխատանքային հարաբերություններում լարվածություն կամ անհամաձայնություն կա՞ Ձեր և տիկին Փոստանջյանի միջև, պատասխանել է. «Ես աշխատանք չեմ տեսնում, որ աշխատանքային լարվածության խնդիր տեսնեմ»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: