Հրատապ. Կառավարության անգործությունը հանգեցնելու է նոր ողբերգական հետևանքների
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը «Հրատապ» ահազանգ է հնչեղնում ֆեյսբուքյան իր էջում։
Նա գրում է.
«ՀՀ առողջապահության նախարարությունը 2021 թվականի հոկտեմբերի 6-ին հայտարարել է կորոնավիրուսային հիվանդության 1155 նոր դեպք և 21 մահվան դեպքի մասին (նախորդ օրվա արձանագրումներ)։ Մեկ օր առաջ արձանագրվել էր հիվանդության նոր 891 և մահվան 22 դեպք։ Հոկտեմբերի 1-ից մինչ օրս միջինը գրանցվել է հիվանդության 946 նոր և մահվան՝ 20 դեպք։ Այս ցուցանիշներ վկայում են հիվանդության տարածման տեմպերի կտրուկ աճի մասին, որի հետևանքներից է նաև մահվան ցուցանիշի շեշտակի աճը։
Այս իրականության պայմաններում կառավարության կողմից գրեթե ոչ մի էական քայլեր չեն ձեռնարկվում ոչ միայն նոր սահմանափակումներ մտցնելու, այլ անգամ գործող կարանտինի պայմանները պահպանելու ուղղությամբ։
Հարկ է նկատել, որ Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությունով պայմանավորված, արտակարգ դրություն էր հայտարարվել 2020 թվականի մարտի 16-ին, երբ արձանագրվել էր հիվանդության առավելագույնը օրական 17 դեպք, իսկ մահվան՝ 0 դեպք։ Ակնհայտ է, որ առողջապահական համակարգն ի վիճակի չի լինելու սպասարկել բժշկական օգնության կարիք ունեցող հիվանդներ՝ հիվանդության այս տեմպերով աճի դեպքում, ուստի անհրաժեշտ է իրականացնել իրավիճակից բխող շտապ միջոցառումներ։
Մասնավորապես, անհրաժեշտ է՝
• անհապաղ դադարեցնել ստացիոնար կրթական գործընթացը բոլոր տիպի ուսումնական հաստատություններում (մանկապարտեզներ, դպրոցներ, քոլեջներ, համալսարաններ և այլն),
• պետական կառավարման ոլորտում որոշակի ժամանակահատվածում անցնել առցանց աշխատանքի ռեժիմին,
• սահմանափակել զանգվածային բոլոր միջոցառումները,
• մասնավոր ընկերություններին հորդորել անցնելու աշխատանքի առցանց ռեժիմին, որտեղ դա հնարավոր է,
• սահմանափակումներ մտցնել Հայաստան մուտքի վրա՝ խստացնելով սահմանային հսկողությունը և այլն։
Բոլոր որոշումները պետք է կայացվեն և կյանքի կոչվեն խիստ հրատապ և օպերատիվ կարգով, հակառակ դեպքում այս մահաբեր իշխանությունների գործունեության պատմությունը կհամալրվի ևս մի քանի հազար երիտասարդ մարդկանց ողբերգական մահերով»։
Հարակից հրապարակումներ`
- «Միքայելյան» հիվանդանոցի Covid բաժանմունքի շուրջ 146 մահճակալից գրեթե բոլորը զբաղված է
- 06.10.2021. ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսի 1155 նոր դեպք, որից 21-ը մահվան ելքով
- 05.10.2021. Կորոնավիրուսի 891 նոր դեպք է գրանցվել, մահացել է 24 հիվանդ
- 04.10.2021. ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսի 627 դեպք, մահացել է 25 մարդ