Իրանի համար խիստ անհրաժեշտ է ամրացնել իր դիրքերը տարածաշրջանում. Կարինե Գևորգյան
«Իրանի համար խիստ անհրաժեշտ է ամրացնել իր դիրքերը տարածաշրջանում, որոնք թուլացել էին նախորդ տարվա պատերազմի հետևանքով»,-«Հայելի» մամուլի ակումբում հայտնեց ռուսաստանաբնակ քաղաքագետ Կարինե Գևորգյանը:
Քաղաքագետը շեշտեց, որ այդ թուլացման պատճառները երկուսն էին:
Նրա խոսքով՝ պատերազմական ժամանակահատվածը համընկավ Իրանի ընտրությունների հետ, երբ այդ պետության ողջ ուշադրությունը սևեռել էր դրա վրա և երկրորդ՝ երկիրը խնդիր ունեներ իր 5-րդ էշելոնի՝ Իրանի ադրբեջանցիների հետ, որոնց Թուրքիան «մեծ Թուրանի» մշակութային-կրթական ծրագրերի քողի տակ հավաքագրել էր:
Քաղաքագետը նկատեց, որ Ադրբեջանն արդեն Թուրքիայի ազդեցության տակ է և այնտեղ գնում է գաղութացման գործընթաց, հիշեցրեց, որ ադրբեջանական գազը Թուրքիա է հասնում շատ ցածր գներով, գրեթե՝ ձրի:
Կարինե Գևորգյանը հայտնեց, որ Իրանում, բնականաբար, ճնշումներ են գնում պանթյուրքիզմին հարող անձանց նկատմամբ:
Քաղաքագետը նկատեց, որ Իրանը զարգացած պետություն է, աշխարհում նանոտեխնոլոգիաների առումով 6-րդն է և իսլամական երկրների համեմատ զարգացման այնպիսի առաջանցիկ տեմպեր ունի, որ նրա կողքին ոչ մի այլ պետություն հնարավոր չէ դնել, բացի Թուրքիայից։ Բայց՝ Թեհրանն ինքն է արտադրում իր բալիստիկ հրթիռների համար էլեկտրոնային միջուկները, այն դեպքում երբ Անկարան բայրաքթարների համար էլեկտրոնային համակարգերը գնում է, քանի որ այնտեղ գործնականում չկա նման արտադրություն:
«Աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական առումով «մեծ Թուրանի» ծրագիրը սպառնում Իրանին և խաթարում նրա ներքին միասնությունը»,-հայտնեց Կարինե Գևորգյանը, պնդեց, որ Իրանի ներքին միախմբվածության քայքայման գործոնը Թուրքիայի կողմից գերագնահատված է:
Նրա խոսքով՝ Իրանը որոշ հարցով համագործակցում է Ռուսաստանի հետ և դրա մասին է խոսում Հնդկական օվկիանոսում երկու երկրների համատեղ զորավարժությունները:
Ըստ Գևորգյանի վերլուծության՝ այդ համագործակցությունը ռազմավարական է, կա նաև խաղաղ միջուկային էներգիայի շուրջ փոխգործակցություն:
Քաղաքագետը համոզմունք հայտնեց, որ թեպետ Ռուսաստանում կա թուրքամետ և ադրբեջանամետ էլիտար ազդեցիկ շերտ, իսկ Իրանում՝ հակառուսական, բայց այդ երկու երկրները համագործակցում են:
Անդրադառնալով դիտարկմանը, որ Սյունիքի միջանցքի թեմայի շուրջ Ռուսաստանը լռում է, իսկ Իրանը՝ ոչ, բանախոսը հիշեցրեց Կասպից ծովում ադրբեջանաթուրքական զորավարժությունները, որը ծովի երկրների միջր կնքված կոնվենցիայի խախտում էր, Ռուսաստանը կրկին լռեց և նորից խոսեց Իրանը:
Կարինե Գևորգյանը համոզված է, որ իրանաթուրքական պատերազմ չի սկսվի, որովհետև դրան չի գնա Թուրքիան:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան