«Ժողովուրդ». Արմեն Խաչատրյանն այս օրերին ջանք չի խնայում ընտրություններում հաղթանակ ապահովելու համար
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն այս օրերին ջանք չի խնայում Գորիսի համայնքապետի ընտրություններում հաղթանակ ապահովելու համար: Իշխանական մեր աղբյուրները փոխանցում են, որ Խաչատրյանի վրա պարտավորություն է դրված. պետք է Գորիսում «հեղափոխություն» իրականացնի:
Ըստ մեր տեղեկությունների՝ նաև դա է պատճառը, որ Արմեն Խաչատրյանն է երաշխավորել հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի նախկի պետ Վլադիմիր Աբունցի թեկնածությունը համայնքապետի ընտրություններում: Երեկ Խաչատրյանը Աբունցին խորհրդարան է «տարել», խմբակցության տարբեր պատգամավորների հետ հանդիպում կազմակերպել. խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի և խմբակցության քարտուղար Նազենի Բաղդասարյանի հետ առանձին է հանդիպումներ կազմակերպել:
Մենք տեղեկացանք, որ գորիսեցիները Աբունցին գիտեն՝ որպես մաքսատան աշխատակից, որն այդ համակարգում է եղել դեռևս 1998 թվականին: Աբունցը Սյունիքի տարածաշրջանային մաքսատանը եղել է բեռների զննման մաքսային տեսուչ, այնուհետև՝ ավագ տեսուչ, գլխավոր տեսուչ, մաքսատան բացթողնման բաժնի պետ: Ըստ իշխանության մեր աղբյուրների՝ Աբունցին վերջերս են ՔՊ-ական «դարձրել» ու ներգրավել քաղաքական կուսակցության ու պրոցեսների մեջ, քանի որ տևական ժամամակ Գորիսում ուժեղ թեկնածու են փնտրել:
Ի վերջո, ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանն առաջարկել է իր մտերիմներից Վլադիմիր Աբունցին: Թե արդյոք գորիսեցիները իրենց ձայնը կտան Աբունցին, դժվար է ասել, քանի որ հոկտեմբերի 17-ին կայանալիք ընտրությունները խոստանում են թեժ լինել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում