Իրանի արտգործնախարարը պատրաստակամություն է հայտնել այցելելու Երևան և Բաքու
Իրանի արտաքին գործերի նախարար Ամիր Աբդոլլահիանը հնարավոր է այցելի Երևան և Բաքու՝ որպես բարիդրացիական ժեստ։ Այդ մասին Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտարարել է «Россия-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում, գրում է Pars Today-ը։
Աբդոլլահիանի խոսքով՝ հարևան երկրների հետ հարաբերությունների զարգացումը Իրանի նոր կառավարության գլխավոր առաջնահերթություններից է:
«Հայաստանն ու Ադրբեջանը մեր լավ հարևաններն են, և մենք չենք կարող նրանցից որևէ մեկի հետ աշխատել մյուսի դեմ։ Մեր արտաքին քաղաքականությունը հավասարակշռված է։ Երկու օր առաջ իմ գործընկերը՝ Հայաստանի արտգործնախարարը, ժամանել էր Թեհրան։ Լավ կլիներ, որ մեր ադրբեջանցի գործընկերն էլ հնարավորություն ունենար այցելել մեր երկիր», - ասել է Աբդոլլահիանը։
Իսլամական Հանրապետության ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ կայցելի Հայաստանի և Ադրբեջանի մայրաքաղաքներ՝ հենց որ նման հնարավորություն հայտնվի: