Ալավերդիում 18 ընտանիք զրկվել է կացարանից՝ առանց փոխհատուցման
Ալավերդու Սպանդարյան փողոցի բնակիչները ձմեռվա շեմին անտուն մնալու հեռանկարի առաջ են կանգնել։ Այս մասին հայտնում է «Քաղաքացու ձայնը» ՀԿ-ն։
«Օրեր առաջ ոստիկանությունից ծանուցում են ստացել, որ սեփականտիրոջ դիմումի հիման վրա շենքի բոլոր 47 բնակիչները հանվել են հաշվառումից։ Բնակիչները պետք է հաշվառման նոր հասցե գտնեն։
Ըստ ոստիկանությունից ստացած ծանուցման` շենքը պատկանում է «Արմէներգո» արտադրական կոոպերատիվի նախագահ Սարգիս Նասիբյանին։ «Մենք ու՞մ տանը գնանք գրանցվենք, ոչ մի գնալու տեղ չունենք»,-ասում է թաղամասի բնակիչ Ազնիվ Չախմախովան, ով 35 տարի է այստեղ է բնակվում։ Ավելի հնաբնակներն էլ կան, 60 տարուց ավելի։ Այս տարիների ընթացում սեփականտիրոջը երբևէ չեն տեսել, շենքի վերանորոգման ու պահպանության բոլոր հարցերն էլ իրենք են լուծել, աստիճաններն են վերանորոգել, կաթացող տանիքը։
Սպանդարյան փողոցը կամ «Գազի զոնան» Ալավերդու արդեն չգործող պղնձաձուլական գործարանի հարակից թաղամասն է։ Այստեղ խորհրդային տարիներին ժամանակավոր բնակություն են հաստատել գործարանի աշխատակիցների ընտանիքները, մինչև պետությունը նրանց կապահովեր մշտական բնակարաններով։ Սակայն 2000-ականների սկզբներին 8 շենքերից մեկի բնակիչները տեղեկացան, որ իրենց կացարանները վաճառվել են ոմն Լյովա Նասիբյանին։ Նրա մահից հետո շենքի նկատմամբ իրավունքն անցել է որդուն՝ Սարգիս Նասիբյանին։
Բնակիչներն ասում են՝ այսքան տարի ապրել են այս անբարենպաստ պայմաններում, կրել գործարանի վնասակար արտանետումների անմիջական ազդեցությունը, զրկվել առողջությունից։ Ու հիմա առանց իրենց տեղյակ պահելու, առանց իրենց կարծիքը հաշվի առնելու ու առանց փոխհատուցման զրկել են կացարանից։
«Գոնե սեփականատերը գա, տեսնենք ինչ մտադրություն ունի, էս պամաններում ո՞վ կարող է նոր բնակարան գնել, մարդիկ էստեղ ծախսեր են արել», -ասում է Ֆլորա Հովհաննիսյանը, ով նոր է վերադարձել Ռուսաստանից ու անակնալի եկել։ Ասում է՝ դեռ տարիներ առաջ, երբ սեփականաշնորհման գործընթացը սկսվեց, փորձեց սեփականաշնորհել բնակարանը, դիմեց տարբեր ատյաններ, ընդհուպ՝ հանրապետության նախագահին, սակայն հարցը չլուծվեց։ Պատասխանեցին, որ առաջնահերթը աղետի գոտու բնակիչների բնակարանային խնդիրներն են։
«Մինչև ե՞րբ են էս երկրում մարդու իրավունքները ոտնահարվելու, մեր հարցը ինչ-որ մեկը կլուծի արդյո՞ք»-սրտնեղում է տիկին Ֆլորան։
Տիկին Ֆլորայի նման ևս 18 ընտանիք անորոշության մեջ է, չգիտեն ում դիմել ու ինչպես վարվել։ Մտածում են՝ անգամ դատարան դիմելու դեպքում էլ գործը չեն շահի»,- նշված է կազմակերպության էջում։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում