Վրաստանի և Ուկրաինայի հետ համագործակցության ամրապնդման հարցը կքննարկվի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախապատրաստման ընթացքում
Վրաստանի և Ուկրաինայի հետ համագործակցության ամրապնդման հարցը կքննարկվի ՆԱՏՕ-ի մադրիդյան գագաթնաժողովի նախապատրաստման ընթացքում: Այս մասին Բրյուսելում Հյուսիսատլանտյան խորհրդի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, գրում է վրացական Առաջին ալիքը։
Գլխավոր քարտուղարի խոսքով, դեռ վաղ է ասել, թե ինչ որոշումներ կկայացնեն առաջնորդները գագաթնաժողովում, սակայն Սթոլթենբերգը վստահ է, որ դաշնակիցները կշարունակեն աջակցել մինչ այժմ ընդունված որոշումներին, այդ թվում՝ Վրաստանի և Ուկրաինայի եվրատլանտյան ձգտումների վերաբերյալ որոշումներին:
«Կարծում եմ, որ մի փոքր վաղ է նախապես քննարկել, թե ինչ որոշումներ կկայացնեն առաջնորդները հաջորդ տարվա գագաթնաժողովին: Այնուամենայնիվ, ես բացարձակապես վստահ եմ, որ դաշնակիցները կշարունակեն աջակցել ավելի վաղ կայացված որոշումներին: Մենք խոսում ենք մեր սերտ գործընկերներ Վրաստանի և Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության աջակցության մասին: Մենք նաև պաշտպանում ենք ՆԱՏՕ-ին անդամակցելու մեր ձգտումներին հետևելու մեր որոշումը: Մենք կշարունակենք մեր գործնական և քաղաքական աջակցությունը, որպեսզի նրանք կարողանան շարժվել դեպի եվրոպական ինտեգրում: Ես ողջունում եմ այն փաստը, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները օգնություն են ցուցաբերում Ուկրաինային և Վրաստանին՝ ինչպես դաշինքի շրջանակներում, այնպես էլ դրանից դուրս», – ասել է Սթոլթենբերգը:
Գլխավոր քարտուղարի խոսքով, դաշինքը կշարունակի ամրապնդել համագործակցությունը և գործընկերությունը Ուկրաինայի և Վրաստանի հետ:
«Ես հանդիպեցի Ուկրաինայի նախագահի հետ մի քանի շաբաթ առաջ Նյու Յորքում, մենք շարունակում ենք ամրապնդել համագործակցությունն ու գործընկերությունը ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Վրաստանի հետ: Դա քննարկման առարկա կդառնա Մադրիդում մեր հաջորդ գագաթնաժողովին նախապատրաստվելիս», – ասել է Սթոլթենբերգը:
Նշենք, որ Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի օրը դեռ հայտնի չէ: Գլխավոր քարտուղարի խոսքով, ամսաթիվը կհրապարակվի մոտ ապագայում: