Պատվաստումներին դեմ տղամարդը մեղադրվում է դեղագործ եղբոր սպանության մեջ
ԱՄՆ իշխանությունները ամերիկյան Մերիլենդ նահանգի մի բնակչի, որը կարծում է՝ կառավարությունը թունավորում է մարդկանց COVID-19-ի դեմ պատվաստանյութերով, մեղադրվում է երեք մարդու, այդ թվում իր դեղագործ եղբոր սպանության մեջ։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով NBC-ին։
Նշվում է, որ ոստիկանությունը հոկտեմբերի 1-ին Արևմտյան Վիրջինիա նահանգում բերման է ենթարկել 46-ամյա Ջեֆրի Բերնհեմին: Նա մեղադրվում է իր եղբորը՝ 58-ամյա Բրայան Ռոբինետին և նրա կնոջը՝ Քելլի Սյու Ռոբինետին, ինչպես նաև Մերիլենդում տարեց կնոջ՝ Ռեբեկա Ռեյնոլդսի սպանության մեջ:
Դատարան ներկայացված փաստաթղթերում նշված չէ սպանության ենթադրյալ դրդապատճառը:
«Ջեֆրին ասել է Էվելինին (իր մորը), որ ցանկանում է հարթել հարաբերությունները իր դեղագործ եղբոր հետ։ Այն, թե կառավարությունը թունավորում է մարդկանց COVID պատվաստանյութերով, նա բազմիցս պնդել է, ու նշել՝ Բրայանը այս մասին ինչ-որ բան գիտի»,- ասվում է դատարանի փաստաթղթերից մեկում:
Բացի այդ, փաստաթղթերում ասվում է, որ տղամարդը գողացել է սպանված տարեց կնոջ մեքենան, այնուհետև սպանությունից հետո վերցրել եղբոր մեքենան և կանգ առել Մերիլենդում տեղացի մի բնակչի տանը` բենզին խնդրելու համար: Ենթադրաբար, Բերնհեմը տղամարդուն ասել է, որ իր դեղագործ եղբայրը «մարդկանց սպանում է COVID պատվաստանյութերով»:
Բերնհեմը մեղադրվում է Մերիլենդ նահանգի Ալլեգենի շրջանում սպանության և մեքենայի գողության համար: Դատախազությունը դիտարկում է մեղադրական եզրակացությունը, վարույթը շարունակվում է: