ԱԳՆ. Հայ եկեղեցու սպասավորներն ու հետևորդները պետք է անարգել մուտք ունենան Շուշիի Մայր տաճար
ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանն Ադրբեջանի ԶՈՒ կողմից Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարի կրկնակի ռմբակոծման մեկ տարվա կապակցությամբ տարածել է մեկնաբանություն, որտեղ ասված է.
«2020թ. հոկտեմբերի 8-ին Արցախի և նրա ժողովրդի դեմ սանձազերծված ռազմական ագրեսիայի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը գերճշգրիտ զինատեսակներով կրկնակի օդային հարվածներ հասցրին Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարին՝ վերջինիս պատճառելով զգալի ավերածություններ:
Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հաշված օրեր անց նույն եկեղեցին ենթարկվեց վանդալիզմի և սրբապղծման։ Շուշիի Մայր տաճարի ֆիզիկական վնասմանը զուգահեռ Ադրբեջանը չի դադարում փորձերը` խեղաթյուրելու եկեղեցու հայկական ինքնությունը, որն իրականացվում է վերանորոգման պատրվակով եկեղեցու ճարտարապետական տեսքի փոփոխման միջոցով:
Պաշտամունքի վայրի կրկնակի դիտավորյալ հրիթառակոծումը ոչ միայն միջազգային իրավունքով, մասնավորապես՝ «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թվականի կոնվենցիայով և դրան կից երկրորդ արձանագրությամբ (1999 թ.) դատապարտելի հանցագործություն է, այլ նաև մտադրությունների խորհրդանշական բացահայտում․ այն Արցախի տարածքում հայկական ներկայության ցանկացած հետքի բնաջնջմանն ուղղված Ադրբեջանի քաղաքականության ակնհայտ դրսևորում է:
Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայից մեկ տարի անց Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված տարածքներում գտնվող շուրջ 1500 պատմամշակութային ժառանգության և պաշտամունքի վայրերի, ինչպես նաև հազարավոր թանգարանային նմուշների ճակատագիրը շարունակում է մնալ անորոշ և վտանգված:
Բազմաթիվ են ադրբեջանական զինված ուժերի կողմից հայկական եկեղեցիների, մշակութային և կրոնական այլ հուշարձանների միտումնավոր ոչնչացման և վանդալիզմի փաստագրված դեպքերը։ Բացի այդ, դրանց ֆիզիկական ոչնչացման հետ մեկտեղ ականատես ենք լինում Ադրբեջանի կողմից հետևողական կերպով իրականացվող պատմական փաստերի կեղծմանը և հայկական հուշարձանների ինքնության խեղաթյուրմանը:
Այս համատեքստում, թերևս, պատահական չէ, որ Ադրբեջանը շարունակում է արգելափակել կամ հնարավորինս սահմանափակել ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագիտական առաքելության մուտքը դեպի վտանգված հայկական մշակութային ժառանգության վայրեր` փորձելով կոծկել իր կողմից գործած պատերազմական հանցագործությունները:
Ժողովուրդների մշակութային ու հոգևոր ժառանգություն հանդիսացող պատմամշակութային հուշարձանների և պաշտամունքի վայրերի դեմ ուղղված վայրագությունները կոպտորեն խախտում են միջազգային իրավունքը, հակասում են համամարդկային արժեքներին և խստագույնս դատապարտելի են։
Շուշիի Մայր տաճարը Արցախում Հայ Առաքելական եկեղեցու կարևոր կենտրոններից է, և հայ եկեղեցու սպասավորներն ու հետևորդները պետք է անարգել մուտք ունենան այդ սրբատեղի»։
Հարակից հրապարակումներ`
- Հրետակոծված Ղազանչեցոցում Կոմիտասի «Կռունկը» կատարած Սևակ Ավանեսյանը ելույթ կունենա Երևանում
- ԱՄՆ միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը մտահոգված է Ղազանչեցոց տաճարի վիճակով
- Վահրամ Դումանյանը նամակ է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին` Շուշիի Ղազանչեցոց մայր տաճարի հարցով
- Այսպես կոչված «նորոգման աշխատանքների» քողի տակ ադրբեջանցիները աղավաղում են Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին. Արցախի ՄԻՊ
- Ադրբեջանցիները քանդել են Ղազանչեցոց եկեղեցու դարպասների հրեշտակների քանդակները
- ԱՄՆ կրոնական ազատության հանձնաժողով․ Շուշիի Սբ. Ղազանչեցոց եկեղեցու ռմբակոծումը կարող է որակվել որպես պատերազմական հանցագործություն
- ԱՄՆ զեկույց․ Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու նպատակային ռմբակոծումը պետք է հետաքննվի, մեղավորները ենթարկվեն քրեական պատասխանատվության
- Եվրոպական հանձնաժողովը դատապարտում է 2020թ պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից Ղազանչեցոց եկեղեցու ռմբակոծումը
- Human Rights Watch. Ադրբեջանի հարձակումը Ղազանչեցոց եկեղեցու վրա հնարավոր ռազմական հանցագործություն է
- Դադիվանքն ու Ղազանչեցոց եկեղեցին՝ Պուտինի անձնական պաշտպանության տակ
- Ադրբեջանցիները պղծել են Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին
- Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու զանգերը չեն լռելու
- ՀՀ-ում ԵՄ դեսպանը տեսել է թշնամու հարձակումից վնասված Ղազանչեցոց եկեղեցին, մշակույթի տունն ու մեծագույն ցավ ապրել