Մուրատով․ Նոբելյան մրցանակը ողջ «Նովայա գազետա»-ի և նրա մահացած գործընկերների վաստակն է
«Նովայա գազետա»-ի գլխավոր խմբագիր Դմիտրի Մուրատովը, որն այսօր դարձավ 2021 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի երկու դափնեկիրներից մեկը, Նոբելյան կոմիտեի որոշումը համարեց ողջ հրատարակության և խոսքի ազատության համար զոհված գործընկերների արժանիքը: Այս մասին գրում է Deutsche Welle-ն։
«Այսպես ասեմ․սա իմ արժանիքը չէ: Սա «Նովայա գազետա»-ն է: Սա նրանք են, ովքեր զոհվեցին՝ պաշտպանելով մարդկանց խոսքի ազատության իրավունքը: Քանի որ նրանք մեզ հետ չեն, նրանք, ըստ երևույթին, որոշեցին, որ ես սա պետք է ասեմ բոլորին: Սա Իգոր Դոմնիկովն է, սա Յուրա Շչեկոչիխինն է, սա Աննա Ստեպանովնա Պոլիտկովսկայան է, սա Նաստյա Բաբուրովան է, սա Նատաշա Էստեմիրովան է, սա Ստաս Մարկելովն է», - ասել է Մուրատովը, հավելելով, որ դեռևս չի ծանոթացել Նոբելյան կոմիտեի ողջ տեքստին։
Մուրատովը հայտնել է, որ դրամական մրցանակի մի մասը կուղղի ողնաշարի մկանային ատրոֆիա ունեցող երեխաների բուժմանը, ինչպես նաև լրագրությանը։
Նշենք, որ Նոբելյան մրցանակի արժանացածներն այս տարի կստանան դիպլոմ, ոսկե մեդալ և դրամական պարգև՝ 10 միլիոն շվեդական կրոն (մոտ 1,2 միլիոն դոլար):