Թուրքիան ցանկանում է ԱՄՆ-ից 40 F-16 կործանիչ գնել
Թուրքիան դիմել է ԱՄՆ-ին, որպեսզի գնի 40 F-16 կործանիչներ, ինչպես նաև արդիականացնի Անկարայի ունեցած մոտ 80 ամերիկյան կործանիչները: Այդ մասին նախօրեին հաղորդել է Reuters գործակալությունը, գրում է Tass-ը։
Նրա աղբյուրների համաձայն, գործարքը գնահատվում է միլիարդավոր դոլարներ, սակայն դեռ ուսումնասիրվում է Պետդեպարտամենտի և Պենտագոնի մաս կազմող համապատասխան պետական գերատեսչության կողմից: Այն պատասխանատու է միջպետական պայմանագրերով արտասահմանում ռազմական տեխնիկայի և զենքի մատակարարման, ԱՄՆ զինված ուժերի և այլ երկրների միջև կապերի խթանման և պաշտպանության ոլորտում Վաշինգտոնի օտարերկրյա գործընկերներին ֆինանսական և տեխնիկական աջակցության համար:
Բացի այդ, հիշեցնում է Reuters-ը, այդ կառույցների հնարավոր հաստատումից հետո գործարքը կարող է արգելափակվել Կոնգրեսի կողմից: Հանրապետականներն ու դեմոկրատները կոչ են անում Վաշինգտոնի վարչակազմին ճնշում գործադրել Անկարայի վրա՝ կապված ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգի գնման հետ:
Պենտագոնը և Պետդեպարտամենտը դեռ չեն արձագանքել այս տեղեկատվությանը։