Ռադայի պատգամավոր Անտոն Պոլյակովին մահացած են գտել Կիևում
Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Անտոն Պոլյակովին Կիևում մահացած են գտել։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նա վատացել է ճանապարհին, երբ եղել է տաքսիի մեջ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը, վկայակոչելով Ուկրաինայի Ազգային ոստիկանության Կիևի վարչության մամուլի ծառայությանը:
«Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, Կիևի ոստիկանություն տեղեկություն է ստացվել այն մասին, որ Դնեպրովի շրջանում մահացած են հայտնաբերել Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր Անտոն Պոլյակովին։ Իրավապահները նախապես պարզել են, որ տղամարդն իրեն վատ է զգացել ճանապարհին, շտապօգնության բժիշկները վերակենդանացման միջոցներ են ձեռնարկել, սակայն հետո արձանագրել են նրա մահը», - ասվում է հաղորդագրության մեջ:
Դեպքի վայրում ոստիկաններն իրականացնում են բոլոր անհրաժեշտ առաջնահերթ քննչական գործողությունները՝ պատգամավորի մահվան հանգամանքները պարզելու համար: Նրա մարմինը կուղարկեն դատաբժշկական փորձաքննության, որն էլ կպարզի մահվան պատճառը։
Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել «կանխամտածված սպանություն» հոդվածով ՝ պատգամավորի մահվան պատճառով «բնական մահ» նշումով: Շարունակվում են քննչական գործողությունները։