Սիրիացիները հացի խնդիր ունեն
Սիրիայում ցորենի ճգնաժամը հանգեցրել է հացի սուր պակասի։ Պատերազմից առաջ երկրում ցորենի ավելցուկ կար, այժմ այն պետք է ներմուծի: Եվրանյուզը գրում է, որ 2020 թվականին հաջողվել է հավաքել ընդամենը մոտ 1 միլիոն տոննա հացահատիկ, ինչը նախապատերազմյան արտադրության քառորդ մասն է և տեղական սպառման կարիքների մեկ երրորդը:
«Հյուսիսարևելյան տարածաշրջանում սիրիական ցորենի 50-60 տոկոսն էր աճեցվում: Այս շրջանը պատերազմի ժամանակ դուրս է եկել պետական վերահսկողությունից: Տարբեր ահաբեկչական և զինված խմբեր գյուղատնտեսական տարածքներում տեղակայել են պարզունակ թորման մեքենաներ։
Բացի այդ, գյուղատնտեսության համար ջրի հիմնական աղբյուրը եղել է Եփրատ գետը, և Սիրիայի տարածք մտնող ջրի ծավալների նկատմամբ Թուրքիայի վերահսկողությունը բերել է գյուղատնտեսության ոլորտում լուրջ խնդիրների: Մենք բավարար քանակությամբ ցորեն ենք ներմուծում Ռուսաստանից` քաղաքացիների կարիքները բավարարելու համար»,- ասել է սիրիացի մասնագետը։
Ներմուծումը սրում է տնտեսական խնդիրները: Այդ պատճառով, կառավարությունը սահմանափակել է յուրաքանչյուր ընտանիքի կողմից գնվող հացի քանակը և վերջին մեկ տարվա ընթացքում կրկնապատկել է գները, որի արդյունքում Սիրիայի ողջ տարածքում կանայք կրկին հաց են թխում տանը:
ՄԱԿ -ի տվյալների համաձայն, սիրիացիների 60 տոկոսը պատերազմի պատճառով սննդամթերքի պակաս ունի: Երկիրը կորցրել է գրեթե մեկ միլիոն հեկտար վարելահող: