ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալը հոկտեմբերի 11-ին կմեկնի Մոսկվա
ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդը հոկտեմբերի 11-ին կմեկնի Մոսկվա՝ հանդիպելու ռուս բարձրաստիճան պաշտոնյաների հետ և քննարկելու երկկողմ, տարածաշրջանային և գլոբալ հարցեր: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասված է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ուրբաթ օրը հրապարակած հայտարարության մեջ:
«Պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը հոկտեմբերի 11-ին կմեկնի Մոսկվա՝ հանդիպելու բարձրաստիճան պաշտոնյաների և այլ անձանց հետ՝ երկկողմ, տարածաշրջանային և գլոբալ մի շարք հարցեր քննարկելու համար»,- ասվում է ԱՄՆ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում:
Ըստ հաղորդագրության՝ Նուլանդը նաև կայցելի Բեյրութ և Լոնդոն: Հոկտեմբերի 14-ին նա կմեկնի Լիբանան, որտեղ կհանդիպի քաղաքացիական հասարակության և երկրի իշխանությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու տնտեսական բարեփոխումները և հաջորդ տարի կայանալիք ընտրությունները:
«Այնուհետև, հոկտեմբերի 15-ին, պետքարտուղարի տեղակալ Նուլանդը կմեկնի Լոնդոն, որտեղ կհանդիպի բարձրաստիճան պաշտոնյաների հետ մի շարք գլոբալ հարցերի շուրջ քննարկումների շրջանակում»,- ասվում է պետքարտուղարության հաղորդագրության մեջ:
Նուլանդը Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ անհամբերությամբ սպասում էր այդ երեք մայրաքաղաքների ուղևորությանը: «Ես անհամբերությամբ սպասում եմ հոկտեմբերի 11-15-ը Մոսկվա, Բեյրութ և Լոնդոն մեկնելուն՝ երկկողմ, տարածաշրջանային և գլոբալ հարցերի ամբողջ շրջանակը քննարկելու համար»,- գրել է նա:
Պետդեպարտամենտի հայտարարությունից հետո ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ամերիկյան կողմի խնդրանքով հաստատել է հոկտեմբերի 11-13-ը Նուլանդի Մոսկվա այցելելու պայմանավորվածությունը: Նա հավելել է, որ պետքարտուղարի տեղակալը Մոսկվայում բանակցություններ կվարի Ռուսաստանի ԱԳՆ-ում, ինչպես նաև հանդիպումներ կունենա այլ գերատեսչությունների պաշտոնյաների հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին