Մարտունու համայնքներում վերականգնվում են պատերազմի հետևանքով վնասված տները
Շարունակվում են ԱՀ Մարտունու շրջանի Սոս և Մաճկալաշեն համայնքներում պատերազմի հետևանքով վնասված բնակելի տների վերանորոգման շինաշխատանքները։
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Մարտունու շրջվարչակազմի աշխատակազմի քաղաքաշինության և տեղական ինքնակառավարման բաժնի պետ Ալեքսանդր Սաղյանը։
«Սոս համայնքում պատերազմի հետևանքով վնասվել է 80 բնակելի տուն, որից 27-ը վերանորոգվել է, իսկ Մաճկալաշենում՝ 71 տուն, որից 16-ը ևս վերանորոգվել է։ Մաճկալաշեն համայնքում պատերազմի հետևանքով հիմնովին ավերվել է մեկ բնակելի տուն, որի փոխարեն՝ «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ կառուցվել է նոր բնակելի տուն։
Բացի այդ՝ կան բնակելի տներ, որոնք պատերազմի հետևանքով կրել են մեծ վնասներ, և տան կրող պատերում առաջացել են մեծ ճեղքվածքներ։
Նման տների ցանկը ուղարկվում է ԱՀ Քաղաքաշինության նախարարություն՝ սեյսմիկ փորձագիտական եզրակացության համար։ Նշված աշխատանքների կատարմանը զուգահեռ՝ իրականացվում է նաև 2020թ. պատերազմում զոհված ազատամարտիկների բնակելի տների վերանորոգման աշխատանքներ։