Մարությանը Երևանի տոնին խոստում է նվիրել
Հայկ Մարությանը ֆեյսբուքյան գրառմամբ շնորհավորել է երևանցիներին Էրեբունի-Երևանի օրվա առիթով։
«Արդեն տեղյակ եք, որ այս տարի, հայտնի հանգամանքների բերումով, տոնական միջոցառումներ չեն լինի, իսկ դրա համար նախատեսված բյուջեն կփոխանցվի Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի ու այլ մշակութային հաստատությունների վերազինման, ինչպես նաև Արցախում ընթացող բնակարանաշինության ծրագրերին։
Այդուհանդերձ, մենք քաղաքային կյանքի բազմաթիվ ոլորտներում ունենք բավական լավ նորություններ, ավարտուն ձեռքբերումներ ու նորընթաց ծրագրեր։ Դրանք վերաբերում են հանրային կյանքի ամենատարբեր ոլորտներին՝ քաղաքային ենթակառուցվածքների զարգացմանը, մշակույթին ու հատկապես, տրանսպորտային բարեփոխումներին։ Այդ ծրագրերը Ձեր դատին կներկայացնենք առաջիկա շաբաթներին՝ երևանյան օրերի ընթացքում։
Մեր հազարամյա մայրաքաղաքը՝ մշտադալար Երևանը, միշտ և բոլոր պարագաներում կշարունակի լինել մեր քաղցր հայրենիքի զարգացման ու բարգավաճման առաջամարտիկը։ Վստահ եմ, որ այս գիտակցությամբ հաջորդ տարիներին մենք կտոնենք մեր քաղաքի օրը։
Տոնդ շնորհավոր, Երևա՛ն»,- գրել է նա։