Խաչատուրյանցը Ռուսաստանի ֆուտբոլի Պրիեմեր լիգայի նախագահի միակ թեկնածուն է
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի (ՌՊԼ) ղեկավարի պաշտոնակատար Աշոտ Խաչատուրյանցը լինելու է կազմակերպության նախագահի ընտրությունների միակ թեկնածուն: «Գազետա ռու»-ն հրապարակել է լիգայի պաշտոնական կայքէջում տեղադրված տեղեկատվությունը:
Հոկտեմբերի 8-ը ընտրություններին մասնակցության հայտեր ներկայացնելու վերջին օրն էր: Խաչատուրյանցը միակն է, որը փաստաթղթեր է ներկայացրել սահմանված ժամկետում: ՌՊԼ-ի ղեկավարի ընտրությունները կանցկացվեն նոյեմբերի 22-ին:
Հոկտեմբերի 5-ին Սերգեյ Պրյադկինը, որը ղեկավարում էր կազմակերպությունը 2007 թվականից, լքել է կազմակերպության նախագահի պաշտոնը: 2020 թվականի մարտին նա վերընտրվել էր նոր ժամկետով:
Խաչատուրյանցը նաև Եվրոպական պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգաների ասոցիացիայի տնօրենների խորհրդի անդամ է, ՈւԵՖԱ-ի պրոֆեսիոնալ ֆուտբոլի ռազմավարական խորհրդի անդամ, ՈւԵՖԱ-ի խաղացողների կարգավիճակի և գործակալությունների կոմիտեի անդամ:
Աշոտ Խաչատուրյանցը 2019 թվականի նոյեմբերին գլխավորել է Ռուսաստանի ֆուտբոլի միության (ՌՖՄ) մրցավարական հանձնաժողովը: Նա նաև ՌՖՄ նախագահին կից փորձագիտական և դատական հանձնաժողովի նախագահն է, իսկ 2020 թվականից՝ ՌՖՄ գործկոմի անդամ: