ԱՄՆ-ը չեղարկել է իրանական ընկերության դեմ մտցված պատժամիջոցները
Ամերիկյան իշխանությունները հրթիռների մշակման հետ կապված պատժամիջոցներից հանել են իրանական «Mammut Industrial Group» ընկերությունը, ինչպես նաև նրա դուստր ձեռնարկություններին: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին ասված է ԱՄՆ ֆինանսների նախարարության արտաքին ակտիվների վերահսկման գրասենյակի՝ ուրբաթ օրը հրապարակված հայտարարության մեջ:
Ավելի վաղ ԱՄՆ իշխանությունները պնդում էին, որ ընկերությունն աջակցում է Իրանի բալիստիկ հրթիռների ծրագրին: Ընկերության և նրա ղեկավարության դեմ սահմանափակումները մտցվեցին 2020 թվականի սեպտեմբերին: Այս տարվա հուլիսին ԱՄՆ իշխանությունները մի շարք իրանցիների նկատմամբ չեղարկեցին սահմանափակումները, նրանք կապված էին «Mammut Industrial Group»-ի հետ:
ԱՄՆ վարչակազմի պաշտոնյաներն այնուհետ լրագրողներին ասացին, որ այդ քայլը չի նշանակում ԱՄՆ-ի քաղաքականության փոփոխություն և կապված չէ Իրանի հետ միջուկային գործարքի շուրջ քննարկումները վերսկսելու փորձերի հետ:
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը ուրբաթ օրը չի պարզաբանել, թե ինչու են չեղարկվել պատժամիջոցները «Mammut Industrial Group»-ի նկատմամբ: Նախարարության խոսնակը The Hill-ին ասել է, որ որոշումը «չի արտացոլում Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների փոփոխությունները» և «որևէ կապ չունի Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի շուրջ (JCPOA) բանակցությունների հետ»:
«Միացյալ Նահանգները կշարունակեն դեմ լինել ապակայունացմանն ուղղված Իրանի քայլերին, այդ թվում՝ պատժամիջոցներ կիրառելով»,- ԱՄՆ ֆինանսների նախարարության մեկնաբանությունը մեջբերել է լրատվամիջոցը: