Արթուր Վանեցյան. Օպերատիվ կապը շարունակվել է նաև իմ հրաժարականից հետո
«Եթե իմ մտքով չանցներ, որ առհասարակ ինչ-որ մի բան այնպես չէ մեր երկրում, ես մինչ օրս կշարունակեի պաշտոնավարել որպես ՀՀ ԱԱԾ տնօրեն»,- 24TV֊ի «Հարցազրույց» հաղորդման եթերում հայտարարել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ԱԱԾ ղեկավարի հետ օպերատիվ կապի ապահովման ընթացքում ունեցած մտահոգությունների ու կասկածների մասին հարցին։
Վանեցյանի խոսքով, օպերատիվ կապը եղել է սահմանային միջադեպերի ու իրավիճակի վերաբերյալ, այն ծառայել է զինվորների կյանքերը փրկելուն, անվտանգային համակարգն արդյունավետ դարձնելուն։
«Քաղաքական թեմաների շուրջ ես որևէ խոսակցություն չեմ ունեցել Ադրբեջանի իմ գործընկերոջ հետ, խոսել եմ բացառապես սահմանային միջադեպերի մասին, և վերջ։ Դրանց մասին ես ողջ ծավալով զեկուցել եմ թե Նիկոլ Փաշինյանին, թե անվտանգության խորհրդի անդամներին։ Բոլորը տեղյակ են եղել այդ կապի ու բնույթի մասին։ Ցանկացած խոսակցություն սինխրոնիզացվել է պաշտպանության նախարարի, գլխավոր շտաբի պետի հետ»,- մանրամասնել է Վանեցյանը՝ ավելացնելով, որ ինչ-ինչ հանգամանքներից հետո այդ օպերատիվ կապը շահարկվել է։
ԱԱԾ նախկին տնօրենի խոսքով, օպարտիվ կապը շարունակվել է նաև իր հրաժարականից հետո։
«Դրանից հետո ԱԱԾ-ն ունեցել է չորս տնօրեն։ Ես գիտեմ, որ օպերատիվ կապը շարունակվել է նաև իրենց կողմից, շարունակվում է նաև հիմա։ Այն մեկնարկել է Դուշանբեի բանակցություններից հետո, մինչ այդ չի եղել։ Եղել են հեռախոսային խոսակցություններ, մի քանի հանդիպում՝ Դուբայ քաղաքում ու այլուր»,- ասել է Վանեցյանն՝ ավելացնելով, որ Ադրբեջանի ԱԱԾ տնօրենին փոխանցել է Նիկոլ Փաշինյանի տված ծրարը, ինքն էլ Փաշինյանին փոխանցել է Ադրբեջանի ԱԱԾ տնօրենից ստացած ծրարը։
Թե ինչ է եղել ծրարում, Վանեցյանն ասաց՝ չգիտի, չի տեսել։
Նա նշեց, իր հրաժարականի տեքստում ինքը գնահատականներ է հնչեցրել ու «կանգ առ»-ի կոչ արել։
«Ցավոք, «կանգ առ» չեղավ ու ունեցանք անդառնալի հետևանքներ»,- նշում է Ա. Վանեցյանը։
Նրա խոսքով, հասարակությունը մինչև վերջ չի պատկերացնում, թե ինչ է տեղի ունեցել. «Կորցրել ենք Արցախի 75 տոկոսը, հազարավոր երիտասարդներ ենք կորցրել ու նրանց սերունդը, ունենք խեղված ճակատագրեր, պարտված երկիր ու այսօր ամեն վայրկյան կորցնում ենք մեր երկրի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, երկրի դիրքը աշխարհում։ Սա անցնելու է»։
Ինչ վերաբերում է 5 մլրդ-ի թեմային, ապա Վանեցյանը հարց հնչեցրեց՝ իր շուրթերից լսե՞լ եք նման բան։
«Ճիշտ չէ խոսել բաների մասին, որը գաղտնի դրոշմն է կրում, հասկանո՞ւմ եք։ Դա անլուրջ է։ Միայն մի բան կարող եմ ասել, եթե իմ աշխատանքի ժամանակ, ես ստանայի ստույգ փաստեր, որ Նիկոլ Փաշինյանն իրականացնում է դավաճանություն Հայաստանի ու Արցախի նկատմամբ, անպայման կլիներ արձագանք»,- ասում է նա։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Վանեցյան. Փաշինյանին խորհուրդ եմ տալիս դադարեցնել էժան մանիպուլյացիաները
- Գոնե գնա թողնելով ինչ-որ մեկին, ցանկացածին, որը չունի թուրքի հետ շանտաժի մեջ մտած հարաբերություններ․ Աննա Մկրտչյան