«Հրապարակ». Իրավապահները առգրավել ու չեն վերադարձնում ընդդիմադիր գործիչների հեռախոսը, անձնագիրը, համակարգիչը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Հայաստանյան իրավապահները շարունակում են աշխատել ընդդիմադիր գործիչներին ամեն անհեթեթ պատրվակով հետապնդելու ուղղությամբ։ Չկարողանալով նրանց դեմ լուրջ քրեական գործեր հարուցել՝ պարբերաբար հրավիրում են քննչական գործողությունների և որևէ կարգավիճակով քննում, և, որ ամենաաբսուրդայինն է, առգրավում են նրանց անձնական իրերը։ Անցած 3 տարիների ընթացքում նման բազմաթիվ դեպքերի ենք ականատես եղել, որոնք մինչ այսօր շարունակվում են։
Օրինակ՝ հայտնի լրագրող Նաիրի Հոխիկյանին Ազգային անվտանգության ծառայությունում վկայի կարգավիճակով հարցաքննել էին և առգրավել լրագրողի բջջային հեռախոսը։ Հոխիկյանն առաջարկել էր քննչական մարմնին կամովին տրամադրել ձեռքի տակ եղած փաստերը, սակայն ԱԱԾ ներկայացուցիչներն անտեսել էին լրագրողի պատրաստակամությունը և առգրավել էին հեռախոսը, որում եղել էին անձնական ու մասնագիտական բնույթի բազմաթիվ տեղեկություններ։
Քննչական մարմինը, փաստորեն, խոչընդոտել էր լրագրողի մասնագիտական գործունեության իրականացմանը։ Նաիրի Հոխիկյանը 44-օրյա պատերազմի վերաբերյալ վավերագրական ֆիլմ և մի շարք փաստեր է հրապարակել, որոնք լայն քննարկումների առիթ են դարձել, ինչից հետո ՀՀ իշխանությունը փաստացի սկսել է հետապնդումը մասնագիտական գործունեություն իրականացնող լրագրողի նկատմամբ։
Երկար ժամանակ առգրավված են եղել նաև ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի հեռախոսը և համակարգիչը, քաղաքական գործիչ Արա Սահակյանի հեռախոսը և անձնագիրը։ Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ անցած տարի դեկտեմբերից են հեռախոսը և անձնագիրը քննչական մարմնի մոտ․ «Նպատակն էր, որ պարզեին՝ ես հանրահավաքի կազմակերպիչ եղե՞լ եմ, թե՞ ոչ, հավանաբար, ինչ-որ զրույցներ պետք է վերծանեին, կարծում եմ՝ 10 ամիսը բավարար էր այդ պարզ տեխնիկական հարցը լուծելու համար։
Սա արվում է մարդկանց համար արհեստական դժվարություններ ստեղծելու նպատակով, կաշկանդելու նրանց գործողությունները և մարդկանց մեջ որոշակի անվստահություն սեփական ուժերի նկատմամբ սերմանելու համար»։ Արա Սահակյանը երկու անգամ դիմել է հանրապետությունից դուրս գալու թույլտվություն ստանալու համար, բժշկական լուրջ փաստաթղթեր է ներկայացրել, անձնագիրը վերադարձվել է 8 ամիս հետո, իսկ հեռախոսը՝ դեռևս ոչ։
Նաիրի Հոխիկյանի հեռախոսն էլ չեն վերադարձրել։ Էլիբեգովայի հեռախոսը և համակարգիչը վերադարձրել են առգրավումից մի քանի ամիս անց։ «Ճիշտն ասած, առգրավման պատճառն այդպես էլ չհասկացանք, բայց իմ աշխատանքային պրոցեսին շատ լուրջ և մեծ վնաս հասցվեց»,- ասաց նա»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան