11.10.2021. «Հենակետ» Ալիևը հայտարարել է՝ պլանավորում է նոր ջրամբարներ կառուցել «Ղարաբաղյան և Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջաններում»
«Հենակետ» վերլուծական կենտրոնն ամփոփել ու հրապարակել է համառոտ տեղեկություններ անցած շաբաթվա ընթացքում Ադրբեջանի հետ կապված կարևոր իրադարձությունների մասին.
«Ադրբեջանի ռազմական ոլորտին վերաբերող իրադարձություններ
Շաբաթվա ընթացքում Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի զինծառայողների մասնակցությամբ Թբիլիսիում մեկնարկել են հրամանատարաշտաբային «Eternity-2021» զորավարժությունները, որոնք ավարտվել են հոկտեմբերի 8-ին։
Զորավարժություններին զուգահեռ, վրացական Կախեթիում տեղի է ունեցել Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների հանդիպումը։ Նախարարների եռակյողմ հանդիպման շրջանակներում Ադրբեջանի և Վրաստանի միջև ստորագրվել է ռազմական համագործակցության մասին հուշագիր:
Հոկտեմբերի 5-8-ը Նախիջևանում տեղի են ունեցել «Անխախտ եղբայրություն-2021» թուրք-ադրբեջանական համատեղ մարտավարական զորավարժությունները: Թուրքիայի ՊՆ-ն շեշտել է, որ զորավարժություններին մասնակցել են Առանձին համազորային բանակի հրամանատարությունը և Թուրքիայի 3-րդ բանակի զինծառայողները: Արտգործնախարար Չավուշօղլուն հայտարարել է, թե Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ զորավարժություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ։
Շաբաթվա ընթացքում Ալիևը Ջրականում (Ջաբրայիլ) մասնակցել է պետական սահմանապահ ծառայության զորամասի համալիրի բացմանը։ Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, որ հոկտեմբերի 11-13-ը Կասպից ծովի ադրբեջանական հատվածում ռազմանավերի և ռազմածովային հատուկ ջոկատայինների մասնակցությամբ կանցկացվեն ՌՕՈւ հրամանատարաշտաբային զորավարժություններ:
Թուրքիայի ՊՆ-ն տեղեկացրել է, որ ադրբեջանցի զինծառայողները ուսումնական դասընթացներ են անցնում Թուրքիայում: Ադրբեջանական լրատվամիջոցները գրել են, թե իրանա-ադրբեջանական սահմանին լարված իրավիճակի ֆոնին մի քանի ժամվա ընթացքում առնվազն 4 թուրքական ռազմական տրանսպորտային ինքնաթիռ ռազմական տեխնիկա է մատակարարել Ադրբեջանին:
Իսրայելական «Israel Hayom» պարբերականը գրել է, թե հարավկովկասյան տարածաշրջանում աճող լարվածության ֆոնին Ադրբեջանը դիտարկում է իսրայելական «Arrow 3» պաշտպանական համակարգի ձեռք բերման հնարավորությունը: Նշվում է նաև, որ «Arrow» համակարգի յուրաքանչյուր հրթիռի գինը 2.2 միլիոն դոլար է, և Թել Ավիվը այս գործարքով լավ շահույթ կստանա:
Արցախից գրավված տարածքներում ադրբեջանական նախագծերի մասին
Հոկտեմբերի 4-ին Ալիևն այցելել է պատերազմի արդյունքում Բաքվի վերահսկողության տակ անցած Ջրականի (Ջաբրայիլ) և Մատաղիսի շրջաններ: Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ջրականում Ալիևը մասնակցել է ռուսական «Կամազ» և «Գանձակի ավտոմոբիլային գործարանի» արտադրական միավորման համատեղ սպասարկման կենտրոնի, «Արաքսի հովիտ տնտեսական գոտի» արդյունաբերական պարկի բացմանը, ինչպես նաև դրել է հիվանդանոցի, դպրոցի և առաջին բնակելի թաղամասի հիմքը։
Ադրբեջանի Քաղաքաշինության և ճարտարապետության պետական կոմիտեի նախագահ Անար Գուլիևն Ալիևին է ներկայացրել Ջաբրայիլ քաղաքի զարգացման պլանը: Իսկ Մատաղիսում Ադրբեջանի դրոշի բարձրացման արարողության ժամանակ Ադրբեջանի նախագահը հերթական սպառնալիքներն է հնչեցրել Հայաստանի հասցեին։
Նա շահագործման է հանձնել նոր վերակառուցված «Սուգովուշան -1» և «Սուգովուշան -2» փոքր ՀԷԿ-երը: Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե պլանավորում է նոր ջրամբարներ կառուցել «Ղարաբաղյան և Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջաններում»։
Շաբաթվա վերջում Ալիևն այցելել է Արցախի Հադրութ քաղաք, որտեղ մասնակցել է մզկիթի հիմնարկեքի արարողությանը, ծանոթացել Հադրութ-Ջրական, Տող-Հադրութ, Վարանդա-Հադրութ ճանապարհների շինարարական աշխատանքներին: Վերջինս հայտարարել է, որ «նոր դարաշրջան է սկսվում Հադրութի և ամբողջ Ղարաբաղի համար»:
Ադրբեջանական լրատվամիջոցները նկատել են, որ իրականացվել է առաջին պաշտոնական պատվիրակության չվերթը դեպի Ֆիզուլիի օդանավակայան։ Այցը կատարել է Թաթարստանի փոխվարչապետի գլխավորած պատվիրակությունը: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ պատվիրակության այցի նպատակը արդյունաբերության ոլորտում համագործակցությունն է:
Ադրբեջանի իշխանությունները կազմակերպել են երկրում հավատարմագրված օտարերկրացի դիվանագետների այցը Շուշի, որտեղ դիվանագետների համար մշակութային հայտագիր է պատրաստվել, այդ թվում՝ ադրբեջանական ժողովրդական երաժշտության ներկայացում։ Ադրբեջանը կազմակերպել է նաև երկրի քաղաքական կուսակցությունների նախագահների ուղևորությունը Շուշի:
ՄԱԿ-ի մշտական համակարգող Վլադանկա Անդրեևան հայտարարել է, որ ՄԱԿ-ը պատրաստակամ է Արցախից Ադրբեջանի կողմից գրավված տարածքներում առողջապահական համակարգի զարգացմանը նպաստելու հարցում:
Ադրբեջանական լրատվամիջոցները նկատել են, որ շարունակվում են Մռավի (Մուրովդաղի) թունելի 11,6 կիլիմետրանոց հատվածի շինարարական աշխատանքները Տողանալի-Քարվաճառ ավտոճանապարհին։ Ներկայումս թունելն ընդգրկող ճանապարհի տարբեր հատվածներում անցկացվում են նախագծային-հետազոտական, երկրաբանական և մոբիլիզացիոն աշխատանքներ։
«Ազերսու» ընկերությունից հայտնել են, որ ապահովվել է Շուշի քաղաքի և նրա կենսական նշանակության օբյեկտների ջրամատակարարումը։ Դրանից հետո սկսվել է խմելու ջրի մատակարարման համակարգերի կապիտալ վերակառուցումը: Նախագծի առաջին փուլում քաղաքում կկառուցվի 2 ջրամբար, կվերակառուցվի ներքաղաքային ցանցի 6 կիլոմետրանոց հատվածը: Աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև այս տարվա վերջը:
Հայ-ադրբեջանական սահմանային լարվածության մասին
ՀՀ ՊՆ-ն տեղեկացրել է, որ հոկտեմբերի 4-ին Երասխի հատվածում Ադրբեջանի ԶՈւ կրակահերթից վնասվել է ՀՀ ԶՈւ թիկունքային ապահովման բեռնատարը, իսկ Ադրբեջանի ՊՆ-ն շտապել է հերքել այդ տեղեկությունը։
Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել հայ զինծառայողի, ով օգոստոսի 22-ին դուրս էր եկել իր մշտական տեղակայման վայրից և վատ տեսանելիության պատճառով մոլորվել ու հայտնվել ադրբեջանական կողմում:
Հոկտեմբերի 9-ին Մարտակերտում հողը վարելիս ադրբեջանական կողմի կրակոցից 55-ամյա քաղաքացի է սպանվել։ Ադրբեջանի ՊՆ-ն հերքել է այդ լուրը, իսկ ՌԴ ՊՆ-ն հաստատել է, որ ադրբեջանական կողմի կրակոցներից Արցախի խաղաղ բնակիչ է զոհվել և նշել, թե ռուսական զորակազմի հրամանատարությունը միջադեպի հետաքննություն է անցկացնում՝ երկու կողմերի ներկայացուցիչների ներգրավմամբ։
Իրան-Ադրբեջան հարաբերությունների լարվածության մասին
Շաբաթվա ընթացքում Իրանցի բարձրաստիճան պաշտոնյաները շարունակել են Ադրբեջանին մեղադրել իրանա-ադրբեջանական սահմանի երկայնքով Իսրայելի ռազմական ներկայության մեջ։ Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը հայտարարել է, թե Իրանը թույլ չի տա, որ արտաքին միջամտությունը խզի իր հարաբերությունները հարևան երկրների հետ:
Իրանի սահմանապահ ծառայության ղեկավար Ահմադ Ալի Գուդարզին նշել է, որ իսրայելցիները տեղակայված են Ադրբեջանի սահմանի երկայնքով, սակայն նրանց ճշգրիտ թվաքանակը դեռևս անհայտ է։ Իսկ Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն նշել է, որ Իրանն իր վարորդների նկատմամբ Ադրբեջանի վարքագիծը բարիդրացիական չի համարում:
Իլհամ Ալիևը հերքել է ադրբեջանա-իրանական սահմանին Իսրայելի ներկայության վերաբերյալ Իրանի պաշտոնյաների մեղադրանքները: Ադրբեջանի նախագահը նաև սպառնացել է Իրանին՝ խորհուրդ տալով «քիթը չխոթել իրենց գործերի մեջ»:
Հոկտեմբերի 4-ին Ջրական կատարած այցի ընթացքում Ալիևը զրահապատ մեքենա է վարել և զննել է իսրայելական «Harop» անօդաչու թռչող սարքը։ Մամուլում մեկնաբանություներ են եղել, թե նկարվելով իսրայելական ԱԹՍ-ների ֆոնին՝ Ալիևը հատուկ ուղերձներ է հղում Իրանին։
Ռուսաստանում Իսրայելի դեսպան Ալեքսանդր Բեն Ցվին մեծ հիմարություն է որակել Ղարաբաղում իսրայելցի զինվորականների ներկայության մասին լուրերը: Ադրբեջանական լրատվականները նշել են, թե Իրանի հետ հարաբերությունների սրված ճգնաժամի համատեքստում օրերս Իսրայելի անվտանգության ծառայության պատվիրակությունը մեկնել է Ադրբեջան՝ Բաքվին խորհրդատվություն տրամադրելու և աջակցություն ցուցաբերելու նպատակով:
Բրիտանական արաբալեզու «Elaph» լրատվական կայքը, վկայակոչելով Իսրայելի բարձրաստիճան իր աղբյուրը, հայտնել է, որ իսրայելական առաջատար երկու F-35 անտեսանելի կործանիչ «մշտապես տեղակայվել է» Ադրբեջանում: Անհրաժեշտության դեպքում ավելի շատ կործանիչներ կարող են ուղարկվել Ադրբեջան:
Մամուլում քննարկվել է այն հարցը, թե Իսրայելը հասանելիություն է ստացել Ադրբեջանի ավիաբազային: Քանի որ Իսրայելը չունի անմիջական մուտք դեպի Իրան, այդ ինքնաթիռների տեղակայումը Բաքվում մեծ նշանակություն ունի: Նշվել է, որ F-35 անտեսանելի ինքնաթիռները կարող են օգտագործվել միջուկային օբյեկտների ռմբակոծման համար:
Ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով իրենց իսրայելական աղբյուրներին, նշել են, թե Իրանի հետ լարվածության աճի պայմաններում Անկարան կարող է Ադրբեջան տեղակայել ռուսական «S-400 Triumph» հակահրթիռային համակարգի մարտկոցը և թուրքական F-16 կործանիչների էսկադրիլիան:
Իրանական լրատվամիջոցները նշել են, թե Թուրքիան և Ադրբեջանը միջանցք ստեղծելու նպատակով նպատակ ունեն ներխուժել ՀՀ տարածք։ Այդ դեպքում դեպքում իրանական ուժերը կմտնեն Հայաստան և կկանխեն նման սցենարը։
Ադրբեջանական լրատվամիջոցները նկատել են, որ «կորոնավիրուսի համավարակի պատճառով» իրենց գործունեությունը դադարեցրել են Ադրբեջանում Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի գրասենյակը և Հուսեյնիե մզկիթը: Ալի Խամենեիի ներկայացուցիչը հեռացել է Ադրբեջանից:
Շաբաթվա ընթացքում Թուրքիան իրանական բեռնատարների համար փակել է իր սահմանային անցակետերը։ Այս որոշումը, ըստ թուրքական կողմի, պատասխան քայլ է եղել Իրանի՝ թուրքական բեռնատարների համար իր անցակետերը փակելու որոշման։ Թուրքական կողմի ներկայացուցիչը նշել է, որ ներկայումս թուրք-իրանական առևտրաշրջանառությունը ամբողջապես դադարեցված է։
Պաշտոնական Թեհրանը ռազմական ուղիներով ադրբեջանական կողմին տեղեկացրել է, որ Իրանը փակել է իր երկրի օդային տարածքը Ադրբեջանի ռազմական բոլոր ինքնաթիռների համար: Իսկ Բաքուն էլ իր հերթին արգելափակել է դեպի Ռուսաստան տանող Իրանի արտահանման ճանապարհը։
Այս ֆոնին Իրանում ակտիվորեն քննարկվել է Ադրբեջանը շրջանցող տրանսպորտային ուղիների՝ մասնավորապես Կասպից ծովով և Հայաստանով ու Վաստանով անցնող ճանապարհներն օգտագործելու հարցը։ Իրանի ճանապարհների և քաղաքաշինության փոխնախարար Հեյրուլլահ Խադեմին հայտարարել է, թե Իրանը պատրաստ է մասնակցել Հայաստանի տարածքով դեպի Վրաստան տարանցիկ նոր ճանապարհի կառուցմանը։
Շաբաթվա ընթացքում Թուրքիան շարունակել է ակտիվություն ցուցաբերել Ադրբեջանում, և թուրքական ուժերը կենտրոնացել են Իրանի հետ սահմանին։ Թուրքական լրատվամիջոցներն ընդգծել են, որ «Անխախտ եղբայրություն-2021» երկկողմ հարձակողական-մարտավարական զորավարժությունը Թուրքիայի և Ադրբեջանի յուրօրինակ պատասխանն է Նախիջևանի սահմանին Իրանի անցկացրած զորավարժություններին:
Իրանական հետախուզության տվյալներով՝ Թուրքիան զինյալներ է տեղակայել Արցախում՝ Ադրբեջանի կողմից գրավված տարածքներում։ Իրանական տելեգրամյան ալիքները նշել են, որ թուրք զինյալները տեղակայվել են Արաքս գետի ձախ ափին գտնվող Հորադիզ քաղաքում, որը գտնվում է Վարանդայի շրջանում։
Հետաքրքրական է, որ թուրքական վերլուծական շրջանակներում կարծիքներ են հնչել, թե Իրանի և Ադրբեջանի միջև առկա լարվածության ֆոնին հավանական է, որ Իրանը Սյունիքում ավիաբազա ստեղծի, որը կարող է գործել Ռուսաստանի վերահսկողության ներքո։
Տարածաշրջանային նախագծերի շուրջ զարգացումներ
Բրիտանական «British Petrolium» էներգետիկ հսկայի ադրբեջանական դուստր ընկերությունը՝ «BP Azerbaijan»-ը հայտարարել է, որ վաճառում է Աբշերոնյան թերակղզու ծանծաղուտների մշակման նախագծում ունեցած իր 50 տոկոսանոց բաժնեմասի մի մասը, որպեսզի հավասաչափ կերպով կարողանա բաշխել իր ներդրումային պոտենցիալն Ադրբեջանում և կարողանա կապիտալն ուղղել Ադրբեջանում ունեցած իր բիզնեսի այլ ոլորտներին։
Նկատենք, որ բրիտանական ընկերությունը SWAP նախագծում ունեցած իր 50 տոկոսանոց բաժնեմասի մի մասը վաճառում է ռուսական «Лукойл» ընկերությանը։ Այժմ գործարքը պետք է հաստատվի Ադրբեջանի կառավարության կողմից։
Ռուսական լրատվամիջոցներն այս համատեքստում ընդգծել են, թե այս գործարքի արդյունքում Եվրոպայի համար ադրբեջանական գազը դառնում է ավելի ու ավելի ռուսական։ Ալիևը հայտարարել է, թե Ադրբեջանը ծրագրում է աշխատել ԵՄ -ի հետ՝ Եվրոպա իր գազի մատակարարումների աշխարհագրությունը ընդլայնելու նպատակով:
Ադրբեջանական լրատվամիջոցները նկատել են, որ պիլոտային ծրագրի շրջանակներում պակիստանյան բեռների առաջին խմբաքանակը առաքող երկու բեռնատարները հոկտեմբերի 7 -ին ժամանել են Բաքու։ Բեռնատար մեքենաները Ադրբեջանից Պակիստան կվերադառնան արտահանվող ապրանքներով: Ադրբեջանում Պակիստանի դեսպան Բիլալ Հային հայտարարել է, թե Պակիստանը ցանկանում է ավելի շատ ադրբեջանական արտադրանք տեսնել իր շուկայում։
Այլ թեմաներ
Ադրբեջանական ավիաուղիներ» (AZAL) ավիաընկերությունը հոկտեմբերի 6-ից Բաքու-Նախիջևան-Բաքու ուղղությամբ չվերթ իրականացնելիս օգտվել է Հայաստանի օդային տարածքից։ Ադրբեջանական լրատվամիջոցները գրել են, թե Հայաստանի քաղաքացիական օդանավերը կարող են օգտագործել Ադրբեջանի օդային տարածքի միջանցքները, որի արդյունքում Հայաստանը դառնում է տարանցիկ երկիր և կարիք չունի օգտագործել Իրանի օդային տարածքը:
Նախորդ շաբաթ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե իրենց նպատակն է Հայաստանի հետ խաղաղության պայնամագիր կնքելը։ Ադրբեջանը պատրաստ է բանակցություններ սկսել խաղաղության պայմանագրի, սահմանազատման, հաղորդակցության բացման շուրջ: Ըստ Ադրբեջանի նախագահի՝ այդ գործընթացը մասամբ սկսվել է:
Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, որը 2022 թ-ին մասնակցելու է նաև Ֆրանսիայի նախագահական ընտրություններին, շեշտել է, որ Ֆրանսիան կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»:
Հարակից հրապարակումներ`
- 04.10.2021. «Հենակետ». Ադրբեջանը թուրքական ընկերությունների հետ պայմանագիր է կնքել Քարվաճառի հանքավայրերի շահագործման վերաբերյալ
- 03.10.2021. «Հենակետ». Ադրբեջանցիները պահանջել են Ամարաս վանքի տարածքից հեռացնեն Արցախի պետական դրոշը
- 27.09.2021. «Հենակետ». Ադրբեջանը սկսել է բնակելի շենքեր կառուցել Շուշիում
- 25.09.2021. «Հենակետ»-ն ամփոփել է անվտանգությանը վերաբերող թեմաները
- 20.09.2021. «Հենակետ». Քարվաճառ ճանապարհի վրա՝ Մռավ լեռան տակով 23,4 կիլոմետր թունել է կառուցում
- 13.09.2021. «Հենակետ». 2022 թ-ին Ադրբեջանը պաշտպանության և անվտանգության վրա կծախսի գրեթե 3 մլրդ դոլար
- 11.09.2021. «Հենակետ». Փորձագիտական շրջանակների կողմից թուրք-ադրբեջանական զորավարժությունները բնութագրվել են որպես սադրանք
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները