Այսօր աղջիկների միջազգային օրն է
Հոկտեմբերի 11-ը Աղջիկների միջազգային օրն է, որը հռչակվել է ՄԱԿ -ի Գլխավոր ասամբլեայի կողմից 2011թ. դեկտեմբերին` ի նշան աղջիկների իրավունքների: Այս մասին գրում է calend.ru-ն։
Այսպիսով կոչ է արվում կենտրոնանալ ամբողջ աշխարհում աղջիկների առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու անհրաժեշտության վրա և նպաստել աղջիկների հզորացմանը, նրանց իրավունքների իրագործմանը:
Նշվում է, որ 15-19 տարեկան հասակում, աշխարհում գրեթե յուրաքանչյուր չորրորդ աղջիկը չունի ոչ աշխատանք, ոչ կրթություն, ոչ մասնագիտական պատրաստվածություն համեմատաբար նույն տարիքի 10 տղաներից մեկի: Մինչև 2021 թվականը շուրջ 47 մլն կանայք և աղջիկներ COVID-19-ի հետևանքով աղքատության մեջ են հայտնվել։
Որոշ տվյալներով՝ COVID-19-ի բռնկման հետևանքով կտրուկ աճել են կանանց և աղջիկների նկատմամբ բռնությունները՝ մասնավորապես տնային բռնությունները:
Վերջին 15 տարիների ընթացքում համաշխարհային հանրությունը զգալի առաջընթաց է գրանցել վաղ մանկությունից աղջիկների կյանքի բարելավման հարցում։ Այնուամենայնիվ, ակնհայտորեն բավարար չէ ներդրումներ կատարել այն խնդիրների լուծման համար, որոնց հետ աղջիկները բախվում են իրենց կյանքի երկրորդ տասնամյակում: Խոսքը որակյալ միջնակարգ և բարձրագույն կրթություն ստանալու, մանկահասակ երեխաների ամուսնությունից խուսափելու, նրանց սեռական հասունության և վերարտադրողական առողջության հետ կապված տեղեկատվություն և ծառայություններ տրամադրելու հնարավորության և անցանկալի հղիությունից, սեռավարակից զերծ մնալու հնարավորության մասին է:
Ուստի ամեն տարի օրվա միջոցառումները նվիրված են որոշակի թեմատիկայի։
Առաջին անգամ Աղջիկների օրը նշվել է 2012 թվականին և նվիրված է եղել աշխարհի շատ երկրների համար արդիական խնդրին՝ վաղաժամ մանկական ամուսնություններին:
Այսօր միջազգային այս օրը բոլոր պետություններին խորհուրդ է տրվում անցկացնել թեմատիկ միջոցառումներ՝ նվիրված աղջիկների խնդիրների լուծման հնարավոր ուղիների քննարկմանը։