Հոկտեմբերի 11-ը ճարպակալման դեմ պայքարի համաշխարհային օրն է
Հոկտեմբերի 11-ը գիրության դեմ պայքարի համաշխարհային օրն է: Այս մասին հաղորդվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի էջում, փոխանցում է calend.ru- ն:
Վերջին տարիներին ամբողջ աշխարհում նկատվում է ճարպակալման աճ երեխաների և դեռահասների շրջանում։ Աշխարհի զարգացած երկրներում դեռահասների 25 տոկոսն ունի մարմնի ավելորդ զանգված, իսկ 15 տոկոսը՝ ճարպակալում:
Մանկության շրջանում ավելորդ քաշ ունենալը մեծահասակների մոտ գիրացման կարևոր գործոն է. 6 տարեկանում ավելորդ քաշ ունեցող երեխաների 50%-ը չափահաս են դառնում գիրացած, իսկ դեռահասության շրջանում այդ հավանականությունը հասնում է 80%-ի: Մինչև 2030 թվականը, ըստ ԱՀԿ կանխատեսումների, ընդհանուր բնակչության մինչև 41%-ը լինելու է ավելորդ քաշով:
Իրականում, ճարպակալումը հիմնականում առողջ ապրելակերպի խախտման հետևանքներից մեկն է, որը հանգեցնում է հետագա բարդությունների և առաջացնում այլ լուրջ հիվանդություններ:
Դեռ 1997 թվականին ԱՀԿ-ն ճանաչել է այն փաստը, որ ճարպակալումը վերածվել է համաշխարհային համաճարակի:
Գիրություն ինքնին կրում է մի շարք խնդիրներ մարդու համար.
- Առաջին՝ ավելորդ քաշը հանգեցնում է հենաշարժական համակարգի հիվանդությունների, քանի որ հոդերի և ոսկորների բեռը մեծանում է:
- Երկրորդ՝ ավելորդ քաշը ազդում է ֆիզիկական ակտիվության վրա։
- Երրորդ՝ մարմնի ճարպերի կուտակումը, ֆիզիկական ակտիվության նվազման հետ մեկտեղ, հանգեցնում է սրտանոթային, օնկոլոգիական հիվանդությունների, շաքարախտի ռիսկի ավելացմանը:
Բացի ֆիզիկական խնդիրներից, ճարպակալումը բերում է նաև հոգեբանական խնդիրների՝ կապված բազմաթիվ բարդույթների զարգացման հետ, ինչը բացասաբար է անդրադառնում մարդու նյարդային համակարգի վրա:
Որոշ իրավիճակներ, անկասկած, պահանջում են դեղորայքային բուժում, սակայն դրանք հիմնականում կապված են էնդոկրին համակարգի խախտման, ինչպես նաև հորմոնալ խանգարումների հետ: