Wargonzo.Արցախի խաղաղ բնակչին սպանած ադրբեջանցի դիպուկահարը ձերբակալվել է
Ձերբակալվել է Արցախի Մարտակերտի շրջանում իր հողամասում աշխատող արցախցուն սպանած ադրբեջանցի դիպուկահարը։ Այս մասին գրում է Թելագրամի Wargonzo ալիքը՝ վկայակոչելով ռուսական ուժային կառույցների աղբյուրները։
Նշվում է, որ դեպքի քննությամբ զբաղվել է հատուկ եռակողմ հանձնաժողովը, որում ընդգրկված են Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի դատախազությունների ներկայացուցիչներ։ Համատեղ քննության ընթացքում ձերբակալվել է խաղաղ արցախցուն սպանած դիպուկահարը, նրա նկատմամաբ քննչական գործողությունները շարունակվում են։
«Այդ սադրանքի հետևանքով պաշտոնազրկման վտանգի ներքո են նաև ադրբեջանցի բարձրաստիճան մի քանի գեներալներ»,-գրում է Wargonzo-ն։
Նշենք, որ ձերբակալության վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն առայժմ չկա։
Հայաստանի գլխավոր դատախազությունից ավելի վաղ հայտնել էին, որ հոկտեմբերի 9-ին, ժամը 13։20-ի սահմաններում Մարտակերտի քաղաքային համայնքի վարչական տարածքում տեղակայված վարելահողում գյուղատնտեսական տեխնիկայով աշխատանքներ կատարելիս մոտավորապես մեկ կիլոմետր հեռավորությամբ տեղակայված ադրբեջանական դիրքից արձակված կրակոցից կրծքավանդակի հատվածում վիրավորվել ու տեղում մահացել է Մարտակերտ քաղաքի բնակիչ, 1966թ․ ծնված Արամ Ալեքսեյի Տեփնանցը։
Նախքան գյուղատնտեսական աշխատանքներն սկսելը, հաշվի առնելով տեղանքի սահմանամերձ լինելը, Մարտակերտի քաղաքային համայնքի և ԱՀ ՊԲ ներկայացուցիչների միջնորդությամբ այդ տեղանք էին ներկայացել ռուս խաղաղապահները՝ աշխատանքների անվտանգությունն ապահովելու համար։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը սկզբում խուսափել է վարել գյուղտեխնիկան, սակայն խաղաղապահներից մեկը առաջարկել է նրա հետ անձամբ նստել խցիկում՝ որպես անվտանգության լրացուցիչ երաշխիք։ Ըստ ականատեսների պնդման՝ այդ եղանակով նրանք մի քանի պտույտ են կատարել։
Փաստի առթիվ նույն օրը հարուցվել է քրեական գործ՝ ԱՀ քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով /սպանություն, որը կատարվել է ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով/։ Իրականացվում է նախաքննություն:
Դեպքից հետո գյուղատնտեսական աշխատանքները դադարեցվել են ոչ միայն այդ, այլև սահմանամերձ այլ հատվածներում։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ դատախազությունը հետևողական է լինելու Մարտակերտի բնակչի սպանության օբյեկտիվ քննության հարցում
- ՌԴ ՊՆ-ն հաստատեց ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից Մարտակերտում խաղաղ բնակչի սպանությունը
- Մարտակերտում ադրբեջանցու դիպուկահարի կրակոցից քաղաքացի է զոհվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան