2013-ից ի վեր առաջին անգամ Հայաստան կայցելի Իրանի գլխավոր դատախազը
Հոկտեմբերի 12-ին եռօրյա այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին:
Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ աշխատանքային այցը տեղի է ունենում գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրավերով՝ ի հավաստումն ՀՀ և ԻԻՀ դատախազությունների միջև հաջողությամբ զարգացող համագործակցությանը նոր խթան հաղորդելու փոխադարձ շահագրգռության:
Այցի շրջանակներում նախատեսված են ընդլայնված կազմով բանակցություններ երկու երկրների գլխավոր դատախազների միջև, որի ընթացքում կքննարկվեն նրանց ղեկավարած գերատեսչությունների միջև կապերի հետագա ամրապնդմանը, քրեական գործերով իրավական փոխօգնության շրջանակներում միջնորդությունների կատարմանը, տարածաշրջանային և գլոբալ ընդգրկում ունեցող հանցագործությունների դեմ պայքարում երկու երկրների իրավապահ մարմինների կողմից գործադրվող ջանքերի համատեղմանը և արդյունավետության բարձրացմանը, միմյանց երկրներում գտնվող քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր:
Նախատեսված են նաև բարձր մակարդակի մի շարք այլ հանդիպումներ:
2013թ.-ից սկսած՝ սա ԻԻՀ գլխավոր դատախազի առաջին այցն է Հայաստան, որին նախորդել է 2018թ. նոյեմբերին պարոն Մոնթազերիի հրավերով ՀՀ գլխավոր դատախազի այցը Թեհրան:
Այդ այցի ընթացքում Իրանի մայրաքաղաքում ստորագրվել էր երկու պետությունների դատախազությունների միջև համագործակցության ծրագիր, որով նախատեսված համատեղ միջոցառումները շարունակվում են:
Երկու երկրների դատախազությունների միջև միջազգային-իրավական համագործակցությունն իրականացվում է Հայաստանի և Իրանի միջև 2006 թվականի հուլիսի 5-ին կնքված «Հանձնման մասին» համաձայնագրի և «Քրեական և քաղաքացիական հարցերով համագործակցության մասին» համաձայնագրերի, ինչպես նաև նախընթաց տարիներին ստորագրված համագործակցության հուշագրի և ծրագրերի հիման վրա։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին