Փաստաբանական խումբ. Դավիթ Տոնոյանը պայքարելու է հանուն արդարության, իր անմեղության և բարի համբավի վերականգման համար
Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«Պարոն Տոնոյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում և որևէ պարագայում չի ընդունի, քանի որ իրեն մեղադրում են մի արարքի կատարման մեջ, որը նա չի կատարել:
ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնից ազատվելուց հետո պարոն Տոնոյանը ձեռնպահ է մնացել մեկնաբանություններից՝ հաշվի առնելով պետական գաղտնիքը, ՀՀ ազգային անվտանգության և միջպետական հարաբերությունների շահերը:
Այսօր ևս պարոն Տոնոյանն այդ շահերը վեր է դասում սեփական շահերից և տիրապետելով տեղեկատվության մեծ ծավալի՝ այն չի օգտագործում հանրային տիրույթում սեփական պաշտպանության համար:
Պարոն Տոնոյանը վստահ է, որ հատուկ մասնագիտական գիտելիքներ ունեցող անձանց կողմից կատարված փորձաքննության արդյունքները փաստարկված և անաչառ պատասխաններ կտան ՀՀ զինված ուժերի համար «անորակ» և «տեխնիկական նորմերին չհամապատասխանող» զենք-զինամթերքի մասին պնդումներին:
Պարոն Տոնոյանը պայքարելու է հանուն արդարության, իր անմեղության և բարի համբավի վերականգման համար»։