ԱՄՆ պետքարտուղարությունը Քաթարում «Թալիբան»-ի հետ քննարկումները գնահատել է անկեղծ և պրոֆեսիոնալ
ԱՄՆ Պետքարտուղարության և Աֆղանստանում իշխանությունը զավթած արմատական «Թալիբան»-ի ներկայացուցիչների միջև բանակցություններն անկեղծ և պրոֆեսիոնալ էին: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին ասված է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի հայտարարության մեջ:
«Քննարկումները եղել են անկեղծ և պրոֆեսիոնալ, և ԱՄՆ պատվիրակությունն ընդգծել է, որ «Թալիբան»-ի մասին կարծիք կկազմեն նրանց գործողությունները գնահատելով, ոչ թե միայն խոսքերից ելնելով»,-ասել է նա:
Ըստ Փրայսի, ամերիկյան կողմն անդրադարձել է անվտանգության և ահաբեկչության դեմ պայքարի թեմային, մարդու իրավունքներին, երկրից ամերիկացի և օտարերկրյա քաղաքացիների հեռացմանը, ինչպես նաև նրանց օգնող աֆղանների անվտանգության թեմային: «Երկու կողմերը քննարկել են նաև Աֆղանստանի ժողովրդին ԱՄՆ-ի կողմից լիարժեք մարդասիրական օգնության տրամադրման հնարավորությւոնները»,-ասվում է փաստաթղթում:
Ավելի վաղ, ինչպես հաղորդել էր քաթարական «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը, «Թալիբան» շարժման ներկայացուցիչները ԱՄՆ-ի հետ բանակցություններն արդյունավետ են գնահատել:
Շաբաթ օրը Մավլավի Ամիր Խան Մոթթաքին, որը թալիբների կողմից Աֆղանստանի ժամանակավոր կառավարությունում նշանակվել էր արտաքին գործերի նախարարի պաշտոնում, «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին ասել էր, որ թալիբները մտադիր են ամերիկացիների հետ քննարկել աֆղան ժողովրդին մարդասիրական օգնություն տրամադրելու, ԱՄՆ-ի և արմատականների միջև Դոհայի համաձայնագրի իրականացման, Քաբուլի և Վաշինգտոնի հարաբերություններում նոր էջ բացելու անհրաժեշտության վերաբերյալ հարցեր՝ միաժամանակ հարգելով Աֆղանստանի տարածքային ամբողջականությունը և նրա ներքին գործերին չմիջամտելու պահանջը: Ուրբաթ օրը Դոհա ժամանած թալիբների պատվիրակությունն բանակցություններ են վարել մի շարք երկրների դիվանագետների և միջազգային կազմակերպությունների անդամների, մասնավորապես՝ ԱՄՆ Պետքարտուղարության և Եվրամիության ներկայացուցիչների հետ:
Հարակից հրապարակումներ`
- Թալիբները հրաժարվում են համագործակցել ԱՄՆ-ի հետ՝ ԻՊ-ի ահաբեկիչներին զսպելու հարցում
- ԱՄՆ պատվիրակությունը Դոհայում կհանդիպի «Թալիբան» շարժման ներկայացուցիչների հետ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին