Բա ոնց է իշխանությունը ժողովրդին ասում՝ կձերբակալենք, կկալանավորենք, թող փորձեն չպատվաստվել. Արամ Վարդևանյան
«Մեղավորներն առաջին հերթին հենց իշխանություններն են, հիշենք, թե 2020 թ. ինչ հայտարարություններ էին անում՝ կորոնավիրուսը սովորական վիրուս է, թթի արաղով դեզինֆեկցիա կանենք, կանցնի կգնա»,- անդրադառնալով համաճարակի վերաբերյալ իշխանությունների արած սխալ ուղերձներին՝ ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:
Պատգամավորը պնդեց, որ նման հայտարարություներով իշխանություններն ամենամեծ հարվածն են հասցրել համաճարակի դեմ պայքարի կոմունիկացիոն ռազմավարությանը և մինչ օրս չեն ընդունում, որ սխալվել են:
Նա հայտնեց, որ կորոնավիրուսի դեմ պայքարը գործադիր իշխանության լիազորությունն է, իսկ ընդդիմությունը կարող է ընդամենը հորդորել, որ քաղաքացիները գնան պատվաստվեն:
«Ժողովրդի հետ հարկադրանքով չեն խոսում: Ի վերջո, մենք խոսում ենք այն իշխանութան մասին, որը միշտ ասում էր՝ իշխանությունը պատկանում է ժողովրդին, բա ոնց է այդ ժողովրդին ասում՝ կձերբակալենք, կկալանավորենք, թող փորձեն չպատվաստվել: Պետք է բացատրել՝ ինչի համար է պետք պատվաստվել»,- ասաց պատգամավորը:
Անդրադառնալով լրագրողի հիշեցմանը, որ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել է, որ ընդդիմությանը ձեռնտու է, որ համավարակից ավելի շատ մարդ մահանա՝ Վարդևանյանը նկատեց, որ լրագրողը ցիտում է մի մարդու, որը հայտարարում էր՝ կարող էր մի քանի ժամում կազմալուծել Ադրբեջանը, հետևաբար՝ չի պատրաստվում նման պաշտոնյայի ասածները մեկնաբանել:
Պատգամավորը հայտնեց՝ չի մեկնաբանի մի մարդու, որը նոյեմբերի 9-ին հայտարարում էր, թե Շուշիի համար մարտեր են ընթանում, այն դեպքում, երբ այն օրեր առաջ արդեն հանձնվել էր թշնամուն:
Արամ Վարդևանյանը տեղեկացրեց, որ առաջիկայում շրջանառության մեջ են դնելու պաշտոնատար անձանց կողմից սուտ տեղեկություն տալն առհասարակ արգելելու օրենսդրական նախագիծ և պնդեց, որ պաշտոնյան կամ պետք է ճիշտն ասի կամ ընդհանարպես չխոսի:
Վարդևանյանը խայտառակություն և ոչ իրավաչափ որակեց Փաշինյանի այն հայտարարությունը, թե պետական համակարգում չպետք է լինեն չպատվաստվածներ:
«Հանրային ծառայողներին, ՀՀ բոլոր քաղաքացիներին պետք է հորդորել պատվաստվել, բայց ասել՝ եթե չես պատվաստվել, քեզ աշխատանքից պետք է հանենք, կամ ասել՝ ամեն մեկդ գլխով եք պատասխան տալու, արդեն ոչ միայն իրավաչափության սահմաններից է դուրս, այլև մուտք է գործում քրեաիրավական տիրույթ»,- հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը և պնդեց, որ դատախազությունն առնվազն պետք է դիտարկի այդ հայտարարության քրեաիրավական առնչության հարցը:
Պատասխանելով ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ հարցին՝ Վարդևանյանն ասաց, որ եթե իշխանության իրական խնդիրը լիներ համայնքները զարգացնելը, կոմունիկացիաները կատարելագործել, ապա դրանք կլինեին հանրային քննարկումներով, մասնագետների ներգրավմամբ, որոնք կներկայացնեին ծրագրեր:
Նա պնդեց, որ քննարկումներ չեն եղել, որովհետև այդ քննարկումները տևել են մի քանի օր, և այդ պայմաններում որոշվել է, որ 441 համայքններում միջամտություն է լինելու։
Անդրադառնալով Գորիսի ՏԻՄ ընտրությունների ժամանակ Առուշ Առուշանյանի կալանավորված լինելու փաստին՝ Վարդևանյանն ասաց, թե այն զրպարտչական հայտարարությունները, որ արվում են Առուշանյանի մասին, փաստում են, որ իշխանությունները լուրջ մտահոգություններ ունեն:
«Մենք գործ ունենք բռնապետությանը բնորոշ իրական պատկերի հետ: Մեր հայրենակիցներից շատերն ունենում են վախեր՝ իրենց բողոքն արտահայտելու, որովհետև տեսնում են, որ մարդկանց բերման են ենթարկում, քրեական հետապնդում են սկսում»,- հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավորը և պնդեց, որ իշխանության ռեպրեսիվ մեքենան ինտենսիվ է աշխատում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին