Նոր մանրամասներ՝ Բելգրադում կայացած Չավուշօղլու-Լավրով հանդիպումից
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մեկնարկել է «Չմիավորման շարժման» 60-ամյակի գագաթնաժողովը: Միջոցառմանը մասնակցելու նպատակով Բելգրադում է գտնվում Թուրքիայի արտաքին գործերին նախարար Մևլութ Չավուշօղլուն, գրում է ermenihaber-ը։
Թուրքիայի արտգործնախարարը գագաթնաժողովի շրջանակներում մի շարք հանդիպումներ է ունեցել տարբեր երկրները ներկայացնող իր գործընկերների հետ:
Չավուշօղլուն Twitter-ում արած գրառման մեջ հայտնել է, որ Բելգրադում հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Նա նշել է, որ հանդիպման ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր, ինչպես նաև նոյեմբերի 12-ին Ստամբուլում անցկացվելիք «Թյուրքական խորհրդի» գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները:
Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը Twitter-ում տեղեկացրել է նաև Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման մասին: Չավուշօղլուն նշել է, որ ռուս գործընկերոջ հետ քննարկել են օրեր առաջ Սոչիում տեղի ունեցած Պուտին-Էրդողան հանդիպման օրակարգային հարցերը: