Հայաստանում մեկ տարվա ընթացքում բանջարեղենը թանկացել է 64.5%-ով. Վիճակագրական կոմիտե
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը 2021թ. սեպտեմբերին նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ կազմել է 8.9%:
Ըստ հրապարակված տվյալների՝ 2021թ. սեպտեմբերին 2020թ. սեպտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 15.4% գնաճ:
Բանջարեղենի գները դիտարկվող ժամանակահատվածում արձանագրել է 64.5% գնաճ, իսկ 2021թ. օգոստոսի համեմատ՝ 5.9% գնանկում:
Վիճակագրական կոմիտեն հայտնում է, որ բանջարեղենը սպառողական զամբյուղում ունենալով 8.35% տեսակարար կշիռ՝ վերջին մեկ ամսվա ընթացքում նպաստել է սպառողական գների ընդհանուր մակարդակի նվազմանը 0.5 տոկոսային կետով:
Ըստ աղբյուրի՝ յուղերի և ճարպերի ապրանքախմբում 2021թ. սեպտեմբերին 2020թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 27.1% գնաճ, այդ թվում՝ 55.1% արևածաղկի բուսական յուղի գնաճը: Մսամթերքը գրանցել է 9.0% գնաճ, մասնանվորապես՝ այդ ապրանքատեսակից խոզի միսը թանկացել 40.2%-ով: Հացի և ալյուրի գները աճել են համապատասխանաբար 9.8%-ով և 6.7%-ով: Կաթնամթերք, պանրի և ձվի ապրանքախումբի գները աճել են 10.0%-ով: Ընդորում՝ միայն ձուն 2021թ. սեպտեմբերին 2020թ. սեպտեմբերի համեմատ թանկացել է 27.4%-ով:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ շաքարի և շաքարավազի ապրանքախմբում գրանցվել է 31.1% գնաճ:
Ոչ պարենային ապրանքների գներն, ըստ Վիճակագրական կոմիտեի, 2021թ. սեպտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ գրանցվել են 9.9% աճ: Դիտարկվող ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ համապատասխանաբար 43.1% և 42.6% գնաճ:
Ամենաքիչ՝1.6% գնաճն արձանագրվել է ծառայությունների ոլորտում:
«2021թ. սեպտեմբերին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 488.1 դրամ, ինչը 0.3%-ով բարձր է 2020թ. սեպտեմբերի համապատասխան ցուցանիշից (486.7 դրամ)»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան