Կրկին վանդալիզմի է ենթարկվել «Անվերջության ժապավեն» հուշարձանը
Հերթական անգամ վանդալիզմի է ենթարկվել «Անվերջության ժապավեն» հուշարձանը՝ անհայտ անձիք հուշարձանի վրայից գողացել են պղնձաձույլ մասերը։ Այս մասին հայտնում են Հուշարձանների պահպանության Կոտայքի մարզային ծառայությունից։
«Նշենք նաև. որ տարեսկզբից ընթանում են շինարարական և վերանորոգման աշխատանքներ, վերջինս ամբողջությամբ քանդվել էր նման դեպքերի պատճառով։
Հարգելի հայրենակիցներ խնդրում և զգուշացնում ենք զերծ մնալ նմանատիպ գործողություններից,հուշարձանների վանդալիզմի ցանկացած դրսևորումներ դատապարտելի են և քրեորեն պատժելի»,- նշում են Հուշարձանների պահպանության Կոտայքի մարզային ծառայությունից։
ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի վարչական տարածքում (Երևան-Սևան մայրուղի) 1978 թվականին տեղադրվել է «Ճանապարհաշինարարներ» կամ «Անվերջության ժապավեն» մոնումենտալ քանդակը, որի հեղինակն է քանդակագործ Դավիթ Բեջանյանը: Քանդակը բաղկացած էր 2 կոմպոզիցիոն տարրերից՝ ժապավենից և տղամարդու ու կնոջ ֆիգուրներից:
Քանդակը ժամանակի ընթացքում բազմիցս վանդալիզմի զոհ է դարձել, վերականգնվել է, կրկին ենթարկվել վանդալիզմի ու կրել վնասներ կլիմայի փոփոխության հետևանքով, ինչն առիթ է հանդիսացել, որ 2014 թվականին քանդակագործ Դավիթ Բեջանյանի «Ճանապարհաշինարարներ» քանդակն արժևորվի և ստանա նորահայտ հուշարձանի կարգավիճակ:
«Ճանապարհաշինարարներ» քանդակի վերականգնումը հեղինակի ժառանգների ցանկությամբ ու համաձայնությամբ իրականացնում է երիտասարդ քանդակագործ Ռաֆայել Մանուկյանը: