ԱՄՆ-ում կորոնավիրուսի դեմ պատվաստված անձանց թիվը հասել է 77 տոկոսի
Վերջին տվյալների համաձայն, ԱՄՆ-ում քովիդ հիվանդության դեմ պատվաստանյութերի առնվազն առաջին չափաբաժինը ստացած անձանց թիվը կազմում է 77 տոկոս: Բացի այդ մոտենում է այն վերջնաժամկետը, որը մեծաթիվ հաստատություններ տվել են իրենց աշխատակիցներին պատվաստվելու համար: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Եթե մինչ այդ վերջնաժամկետը նրանք չենթարկվեն պատվաստումների, կկորցնեն աշխատանքը: Սակայն որոշ հաստատությունների ղեկավարներ հրաժարվում են այն դնել ուժի մեջ, քանի որ մեծաթիվ աշխատակիցներ են շարունակում բողոքել: Օրինակ Լոս Անջելեսի ոստիկանապետն ասում է, թե 18 հազար աշխատակիցների համար ինքն ուժի մեջ չի դնի պատվաստվելու պարտադրանքը:
«Իմ գործակալության աշխատակիցների շրջանում կան մեծաթիվ խմբեր, որոնք նախընտրում են աշխատանքից ազատվելը, քան պատվաստումների ենթարկվելը: Եվ ես չեմ ուզում մեկ գիշերվա ընթացքում կորցնել իմ աշխատակազմի հինգից տասը տոկոսին»,- ասում է նա:
Հուսադրիչ նորությունն այն է, որ սեպտեմբեր ամսին ամեն օր 172 հազար նոր դեպքերի թվի համեմատ, կորոնավիրուսով մեկ օրում վարակվածների թիվն այսօր ԱՄՆ-ում կազմում է 95 հազար:
Ինչպես ԱՄՆ-ի գլխավոր վարակաբան Էնթոնի Ֆաուչին է ասում, ինքը լավատես է համավարակի հետագծի հարցում, սակայն դեռևս շատ վաղ է սահմանափակումներից խուսափելու համար:
«Օրինակ դիմակներից հրաժարվելու համար հարկավոր է, որ օրական նոր դեպքերը լինեն տասը հազար կամ ավելի քիչ: 95 հազարը դեռևս բարձր ցուցանիշ է, ինչը կարող է ապահովել երկրում այս վիրուսի շրջապտույտի դինամիկան»,- ասում է նա:
Այլ հաղորդագրությունների համաձայն, առողջապահության փորձագետներն այս ամսվա վերջին քննարկելու են հինգից տասնմեկ տարեկան երեխաներին պատվաստելու մասին Pfizer ընկերության խորհուրդը: Ընկերությունը գտնում է, որ այդ տարիքի երեխաները պետք է ստանան չափահասներին տրվող չափաբաժնի մեկ երրորդի չափով ներարկումներ: Նրանց խոսքերով դեռեւս մի քանի տարի կպահանջվի, որպեսզի սկսվի այդ տարիքի անձանց պատվաստելու գործընթաց:
Համավարակի դեմ պայքարի առաջին քայլերից մեկն իհարկե թեստերն են: Բայդենի վարչակազմը մեկ միլիարդ դոլար է հատկացնում՝ քովիդ 19 հիվանդության արագ թեստավորման պարագաներ գնելու նպատակով: Սպիտակ տան հաշվարկով, մինչև դեկտեմբեր, երկրում ամեն ամիս հասու կլինի նման 200 միլիոն պարագա:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները